Թվում էր, թե 21-րդ դարում չի կարող լինել իսլամական ագրեսիա քրիստոնեական երկրի դեմ. Միջազգային քրիստոնեական կառույցների անդրադարձը պատերազմին
Դադարեցնել աջակցությունն այն երկրների, որոնք փորձում են ոչնչացնել հայոց քրիստոնեական քաղաքակրթությունը
Newsweek հանդեսի մեկնաբան Գավին Վոքսը «Հայաստանի դեմ պատերազմը սպառնում է ամերիկյան շահերին» վերնագրած հոդվածում գրում է. - «Թվում էր, թե 21-րդ դարում չի կարող լինել իսլամական ագրեսիա քրիստոնեական երկրի դեմ, բայց այն կա: Ավելի վատն էլ այն է, որ ագրեսորը Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությունն է ստանում»:
Հեղինակի փոխանցմամբ, ժամանակն է, որ Ամերիկան արձագանքի Հայաստանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը:
«Եթե Ամերիկան չկարողանա զսպել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, ապա իմաստ չի լինի աջակցել և ռազմավարական առումով համագործակցել այդ երկրների հետ: Շատ ճիշտ քայլ կլինի դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք փորձում են ոչնչացնել հայոց քրիստոնեական քաղքակրթությունը», - գրել է Գավին Վոքսը:
Դադարեցնել զենքի վաճառքը և աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին
Մեկ այլ՝ Մարդու իրավունքների պաշտպանության «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (ՄՔՀ) կազմակերպությունը դիմել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսին՝ դադարեցնելու զենքի վաճառքը և աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։
ՄՔՀ-ն դիմել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդին հրատապ միջոցառումներ ձեռնարկել՝ ի աջակցություն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, Թուրքիայի և սիրիացի ջիհադիստների թիրախում հայտնված քրիստոնյա հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղին։
Թուրքիայում հայերի հասցեին հնչում են սպառնալիքներ ու ատելության խոսքեր
ԱՄՆ-ում տեղակայված International Christian Concern քրիստոնեական կազմակերպությունն էլ մտահոգություն է հայտնում ամբողջ Թուրքիայում հայերի հասցեին հնչող սպառնալիքների և ատելության խոսքի կապակցությամբ:
Կազմակերպության պարբերականը ներկայացնում է փաստերը՝ Իգդիրում, Ստամբուլում, Ամասիայում, Էլազիգում, Դիարբեքիրում և մի շարք այլ ավաններում ի պաշտպանություն Ադրբեջանի կազմակերպվել են ցույցեր և երթեր, որոնց ընթացքում հնչել են հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կարգախոսներ: Հայերին հայհոյելու փաստեր և նրանց հետ հաշվեհարդար տեսնելու հորդորներ տեղ են գտել նաև թուրքական մամուլում:
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը դատապարտել է կրոնական ժառանգության ոչնչացումը
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։ Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են Նիդերլանդների եկեղեցիների խորհրդից:
«Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։
Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը և աջակցություն հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններին վերադառնալու Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կոչերին։