Դուայթ Լ. Մուդին Աստծո անկեղծ ծառայողներից է եղել, ով իր կյանքը լիովին նվիրել է Ավետարանի քարոզչությանը. նրա միջոցով ապաշխարության են եկել հազարավոր մարդիկ:

Հենց Մուդին է երեխաների համար կիրակնօրյա դպրոցի ծառայությունը հասանելի դարձրել բոլորին՝ գնալով աղքատ ու անապահով թաղամասեր:

Նա ստեղծել է «առանց բառերի գիրք»՝ երեխաներին քարոզելու համար, և վերափոխել դասի ընթացքը՝ դարձնելով այն առավել հարմարավետ և հետաքրքիր երեխաների համար:

Դուայթ Մուդիի մասին մի քննադատ այսպիսի խոսքեր է գրել. «Նա դժոխքի բնակչությունը նվազեցրել է մեկ միլիոնով»: Գոյություն ունեն բազում վկայություններ, որ շնորհիվ Մուդիի քարոզների՝ ծառայության ճանապարհին են դարձել բազում ավետարանիչներ և միսիոներներ, ովքեր հետագայում աշխատանք են տարել տարբեր երկրներում և այդպիսով Աստծո Խոսքը տարածել մեկ հազարից՝ հազարավորներին: Ներկայացնում ենք համառոտ քաղվածք նրա քարոզներից.

«Ոմանք ասում են. «Միայն եթե իմ վախերն ու կասկածները ցրվեն, ես կստանձնեմ այդ գործը»: Բայց հակառակը՝ դուք պետք է ստանձնեք այդ աշխատանքը, և այդժամ վախերն ու կասկածները կլքեն ձեզ»:

«Մովսեսը 40 տարի անցկացնում է արքայական պալատում՝ իրեն «ինչ-որ մեկը» համարելով, հետո նա 40 տարի ապրում է անապատային տարածքում և հասկանում, որ առանց Աստծո ինքը «ոչ մեկ» է: Ու վերջապես, ևս 40 տարիների ընթացքում նա տեսնում է, թե ինչպես այդ «ոչ մեկը» կարող է «մեկը» լինել Աստծո հետ»:

«Նրանք, ովքեր ասում են, թե ներում են, բայց չեն մոռանում, պարզապես կացինը թաքցնում են հողի մեջ՝ կացնակոթը մակերեսին թողնելով, որպեսզի ամեն անհրաժեշտ պահի այն միշտ լինի ձեռքի տակ»:

«Ինչո՞ւ ձեր կյանքը չեք նվիրում Քրիստոսին: Նա կարող է անել դրա հետ շատ ավելին, քան դուք ինքներդ»:

«Ոչ ոք չի կարող խաղաղություն ունենալ, մինչև պատրաստակամ չլինի՝ հնազանդվելու Աստծո ձայնին»:

«Բոլորն են փափագում Աստծո համար մեծ գործեր անել, բայց շատ քչերն են հավատարմորեն ծառայում Նրան քչի մեջ»:

«Ես ունեմ մեկ տաղանդ: Թեկուզ ես չունեմ կրթություն, բայց ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին և ցանկանում եմ մի բան անել Նրա համար»:

«Ենթադրենք, որ ես քայլում եմ փողոցով և տեսնում մի այսպիսի պատկեր. կանգնած է կեղտոտ ցնցոտիներով մի աղքատ, իսկ փողոցով անցնում է գահի ժառանգորդը՝ ոսկով լի պարկերով, որը նա բաժանում աջ և ձախ: Բայց ահա այդ աղքատը, նկատելով  գահաժառանգին՝ ոսկին ձեռքում, գլխիկոր սկսում է փախչել նրանից՝ փոխարենը ձեռքը մեկնելու և ստանալու նրանից:

Ի՞նչ մենք կասեինք: Արդյոք մենք չէի՞նք ասի, թե նա խելագար է: Բայց, ո՛վ մեղավոր, քո դրությունը հենց այդպիսին է: Հավիտենական գահի Ժառանգորդը՝ քո Փրկիչը, ցանկանում է տալ քեզ հավիտենական կյանք, իսկ դու փախչում ես Նրանից…»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.