Ուկրաինայի «Ազգային աղոթքի օրը» կանցկացվի առցանց
Թվով հինգերորդ «Ազգային աղոթքի օր»-ը Ուկրաինայի համար կանցկացվի հունիսի 6-ին, ժամը 19:00-ին, հաղորդում է cnl news-ը: Այս տարի կարանտինի պատճառով միջոցառումը կանցկացվի առցանց:
Նման որոշում է կայացրել Ուկրաինայի՝ «Ազգային աղոթքի օրվա» հոգևոր խորհուրդը:
«Մեր երկիրը ստացավ ևս մեկ բացառիկ հնարավորություն՝ զգալու հասարակության աղոթքի ուժը և մարդկանց հավատը: 2020 թվականի հունիսի 6-ին տեղի կունենա Ուկրաինայի համար հինգերորդ, հոբելյանական «Ազգային աղոթքի օրվա» առթիվ կազմակերպված առցանց միջոցառումը։ 2016 թվականից ի վեր միլիոնավոր ուկրաինացիներ միասին հավաքվել են հաստատելու խաղաղություն ևարդարություն, ներողամտություն և փոխըմբռնում՝ հանուն հոգևոր վերածննդի և երկրի ավելի լավ ապագայի»:
Ուկրաինայի համար ընդհանրական աղոթքը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի օգոստոսի 29-ին, Կիևի մարզական պալատում:
«Ազգային աղոթքի օր»-ը Ուկրաինայի համար 2018 թվականից ընդգրկվել է պաշտոնական միջոցառումների ցանկի մեջ՝ որպես երկրում Աստծո Խոսքի տարվա տոնակատարության մաս:
«Ազգային աղոթքի օրվա» հրավիրման գաղափարը առաջարկել է բրիտանացի ավետարանիչ Դեյվիդ Հասավեյը: Նախաձեռնությանը աջակցել են ավելի քան 20 քրիստոնեական միություններ, որոնք ներգրավված են միջոցառման նախապատրաստման գործում: Ընդհանուր առմամբ, առաջին միջոցառմանը, որն անցկացվել է 2016 թվականի հունիսի 18-ին, մասնակցել են ավելի քան 9000 մարդ:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը