Ազատագրված ապրելու համար
Մենք կարող ենք հաղթահարել մեր մեղավոր սովորությունները՝ վստահելով Տիրոջը և Նրանից ուժ խնդրելով:
Քրիստոսը հավատացյալներին ազատել է մեղքի դատապարտումից, սակայն դրա դեմ պայքարելը դեռևս մարտահրավեր է: Մենք բոլորս կարող ենք նույնանալ Պողոսի պայքարի հետ Հռովմայեցիս 7-ում, քանի որ մենք նույնպես կարող ենք մեզ ստրուկ զգալ մեղավոր արարքների, սովորությունների կամ վերաբերմունքի համար։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ես վայելել այն ազատությունը, որը Քրիստոսը նվաճել է քեզ համար:
Նախ՝ գիտակցի՛ր, որ քո խնդիրը հոգևոր է: Երբ դու փրկվեցիր, ստացար նոր բնություն՝ ստեղծված արդարությամբ, սրբությամբ և ճշմարտությամբ, բայց դու դեռ ապրում ես մարմնավոր, ընկած մարմնում, որը թեքված է դեպի մեղքը: Ահա, թե ինչու դու ունես ներքին անխաղաղություն։
Երկրորդ՝ քննի՛ր քո շարժառիթներն ու ցանկությունները։ Հարցրո՛ւ ինքդ քեզ. ինչո՞ւ եմ ես անձնատուր լինում այն աստիճանի, որ ինձ տիրապետում է այս գայթակղությունը:
Երրորդ՝ աղաղակի՛ր Տիրոջն օգնության համար: Լրացրո՛ւ քո միտքը աստվածաշնչյան ճշմարտությամբ: Ապա հավատա, որ Սուրբ Հոգին քեզ հնարավորություն կտա ուրանալ քո մեղավոր ցանկությունները և քայլել Աստծուն հնազանդվելով:
Տերն աստիճանաբար ազատում է քեզ մեղքի զորությունից: Չնայած այս կյանքում դու միշտ պայքարելու ես դրա դեմ ինչ-որ չափով։ Մահից հետո կամ երբ Քրիստոսը վերադառնա, դու լիովին ազատ կլինես մեղքից և այլևս չես պայքարի դրա դեմ:
Աղբյուրը՝ intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը