Այն, ինչ դու շշնջում ես ծածուկում, կարող է ցնցել աշխարհը
Ինչպե՞ս կգնահատես քո ներկայիս աղոթքի կյանքը:
Արդյոք քո հոգևոր մարտերը դադարե՞լ են: Կարիք ունե՞ս վերալիցքավորման: Սուրբ Հոգին միշտ պատրաստ է մեզ նոր սկիզբ առաջարկել:
Անգամ եթե դու քեզ անհաջողակ ես զգում այդ բնագավառում, Նա կարող է «միացնել» պատերազմական աղոթքի կարգավորումները:
Եթե ցանկանում ես հասունություն ապրել հոգևորում, ապա քո աղոթքի կյանքը պետք է նույնպես փոխվի ու բարձրանա մակարդակ առ մակարդակ:
Ահա թե ինչպես.
- Զարգացրու քո «հոգևոր համաձակությունը»:
Շատ մարդիկ ապրում են Աստծո օրհնությունների «ծայրամասերում», որովհետև դեռևս լիարժեք չեն հավատում, որ Քրիստոսի զոհն արդարացրել է իրենց: Երբեք պատասխան չեք կարող ակնկալել Աստծուց, եթե համարում եք, որ Նա բարկացած է ձեզ վրա:
Մի՛ վարվեք ինչպես ստրուկ, որ ողորմություն է խնդրում ու ստանալու հույս չունի: Դուք Նրա ժառանգն եք, և Նա տվել է ձեզ Իր թագավորական պատմուճանը, Իր մատանին ու Իր սեփականությունը: Նա ցանկանում է ձեզ արքայությունը տալ: «Համարձակությամբ մոտեցեք շնորհքի աթոռին» (Եբրայեցիս 4.16):
2. Ունեցեք նպատակ աղոթքի մեջ:
Զիգ Զիգլարն ասում էր. «Եթե նպատակ ունեք՝ հասնելու ոչինչի, ապա կհասնեք ձեր նպատակին»: Ահա թե ինչու մշուշոտ աղոթքները նույնական չեն հատուկ, նպատակային աղոթքների հետ: Ես վերջերս սկսել եմ ցուցակներ կազմել, որտեղ գրում եմ աղոթքի իմ կարիքները: Հիշեք Հիսուսի խոսքերը՝ «Չունեք, որովհետև չեք խնդրում»:
3. Մի՛ սահմանափակեք Աստծուն:
Մենք կարող ենք սահմանափակել այն, ինչ Աստված ցանկանում է անել երկրի վրա՝ մեր վախկոտ ու տկար աղոթքներով: Նրա տեսիլքը քո կյանքի համար շատ ավելի մեծ է, քան դու ենթադրում ես:
4. Եղեք ավելի ջերմեռանդ:
Սովորական, միջին տոնայնության աղոթքները բավարար չեն պատերազմական շրջանի համար: Կա ժամանակ հոգով պատերազմի մեջ մտնելու, և սա պահանջում է զինվորական մոտեցում թշնամու նկատմամբ: Երբ Եղիսեն Հովաս թագավորին պատվիրում է նետերը վեցնել ու գետնին զարկել, արքան ընդամենը երեք անգամ է զարկում:
Եվ Եղիսեն պատասխանում է. «Հինգ կամ վեց անգամ պետք էր զարկել, այն ժամանակ կզարկեիր Ասորիներին՝ մինչև որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու» (Դ Թագավորաց 13.18-19): Շատ հաճախ մենք համաձայնում ենք չնչին հաղթանակների, որովհետև մեծ ջերմեռանդությամբ չենք աղոթում: Քո եռանդն է որոշելու քո արդյունքը:
5. Հառաչանքով աղոթիր՝ երբ անհրաժեշտ է:
Մարդիկ, ովքեր թույլ են տվել Աստծուն օգտագործել իրենց բարեխոսական աղոթքների մեջ, գիտեն, որ որոշ իրավիճակներ հատուկ աշխատանք են պահանջում: Դրանք հեշտ աղոթքներ չեն. դրանք հավասարազոր են ծննդկանի ցավերին: Երբ Եղիան աղոթում էր անձրևի համար՝ յոթ տարի տևած երաշտից հետո, Աստվածաշունչն ասում է, որ նա «ծռվեցավ մինչև գետինը և երեսը դրավ իր ծունկերի մեջտեղը» (Գ Թագավորաց 18.42):
Եթե ցանկանում ես, որ հանցագործությունների ալիքը քո երկրում դադարի, կամ քո ազգը Հիսուսին դառնա, կամ երեխաներիդ փրկությունն ես ուզում տեսնել, ապա թույլ տուր Հոգուն աղոթել քո միջոցով ավելի խորը ու բարձր ձայնով:
6. Ծոմը միավորիր աղոթքին:
Ծոմը Աստծուն կաշառելու միջոց չէ: Դու կարիք չունես կերակուրից հրաժարվելու, որպեսզի գրավես Նրա ուշադրությունը: Բայց ծոմը օգնում է կենտրոնանալ Աստծո վրա և աղոթքի մեջ ավելի մեծ զորություն ձեռք բերել: Կան աղոթքի մեջ արգելքներ, որոնք պետք է անցնել:
Եթե հոգևոր դաշտում պատի ես դեմ առել, ուրեմն ժամանակն է ծոմով կանգնելու:
7. Երբեմն գիշերը հերթապահիր:
Ես մեկը չեմ, ով մշտապես արթնանում է գիշերը 3-ին աղոթելու: Ես սիրում եմ քնել: Բայց կան ժամանակներ կյանքում, երբ Տերը կարող է արթնացնել մեզ՝ գիշերն Իր հետ անցկացնելու համար:
8. Սպասիր, որ Տերը լրացնի ամեն պակասները:
Ես մի ժամանակ պայքարում էի իմ աղոթքի կյանքի մեջ հուսահատության դեմ, որովհետև զգում էի, որ իմ աղոթքները բավարար չափով զորավոր չէին: Բայց հետո կարդացի Եփեսացիս 3.20-ը. «Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափովը, որ մեզանում ներգործում է»: Սա նշանակում է, որ Աստված կարող է ավելացնել իմ աղոթքին Իր սեփական զորությունը: Իմ աղոթքները գուցե լիարժեք չեն, բայց Նա կարող է կատարյալ ձևով լրացնել դրանք:
Երբ աղոթում ես, սպասի՛ր հավատքով, որ Նա կարող է մեծացնել ազդեցությունը:
Այն, ինչ դու շշնջում ես քո ծածուկում, կարող է ցնցել աշխարհը…
Ջ. Լի Գրեդի