Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):

Ավագ Չորեքշաբթի օրը հիշատակվում է այն մեղավոր կինը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը՝ յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց, աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց: Լա՛վ իմացեք, որ աշխարհում ո՛ւր էլ որ Ավետարանը քարոզվի, մարդիկ պիտի խոսեն նրա արածի մասին և հիշեն նրան» (Մատթեոս 26․6-13):

Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26․14):

Աղբյուրը՝ surbzoravor.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.