Աստվածաշունչ կարդալիս պե՞տք է արդյոք կանգնել
Աստվածաշունչ կարդալիս կանգնելն ավանդույթ է, որ կատարում են աշխարհում շատ քրիստոնյա եկեղեցիներ և հարանվանություններ։ Մյուս կողմից էլ, շատ այլ հարանվանություններ ընտրում են նստելը Աստվածաշունչ կարդալիս։
Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում այս մասին։ Պե՞տք է արդյոք խստորեն հետևել այդ սովորությանը, թե՝ ոչ։ Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս թեման` նայելով Աստվածաշնչյան օրինակներին։
Աստվածաշունչ կարդալիս կանգնելու մասին խոսվու՞մ է Գրքում.
Աստվածաշնչում կա երկու հատված, որում խոսվում է, որ եթե ինչ-որ մեկը ոտքի է կանգնում Աստվածաշունչ կարդալիս, մարդիկ հետո ևս կանգնում են։ Դրանցից մեկը Հին Կտակարանում է` մասնավորապես Նեեմիա 8.5-ում։ Հատվածն ասում է. «Եւ Եզրասը բացաւ գիրքը բոլոր ժողովրդի աչքի առաջին, որովհետեւ ինքը բոլոր ժողովրդիցը վեր էր, եւ երբոր բացաւ, բոլոր ժողովուրդը կանգնեց։ Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով եւ խոնարհուելով, երեսի վերայ՝ մինչեւ գետինը, երկրպագութիւն արին Տիրոջը»։
Մեկ այլ օրինակ Նոր Կտակարանում՝ Ղուկաս 4.16-17-ում։ «Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։ Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. եւ երբոր գիրքը բացաւ՝ այն տեղը գտաւ, ուր գրուած էր»։
Սա այն հատվածն է, որտեղ Հիսուսն է հոտնկայս կարդում է հատված Եսայիայից, բայց այստեղ նշված չէ, որ մարդիկ ևս կանգնեցին, ավելի շուտ, միայն Հիսուսն էր, որ կանգնեց։
Երկու հատվածներն էլ ունեն նմանություններ։ Մեկը, որ և՛ Հիսուսը, և՛ Եզրասը իրենք կանգնեցին։ Երկրորդ նմանությունը, որ նրանք երկուսն էլ չհրամայեցին ամբոխին կանգնել, ավելի շուտ, հավանաբար, մարդիկ կանգնեցին՝ ընթերցողի նկատմամբ հարգանքից ելնելով։
Այս տեսարանը, մասնավորապես, շատ կարևոր է, քանի որ այն ասում է, որ մարդիկ հարգանք ունեին ընթերցողի և ընթերցվող հատվածի նկատմամբ. ահա թե ինչու կանգնեցին։ Կարևոր է նաև նշել, որ կանգնելը հրաման չէր, այլ հարգանքի նշան։
Ինչու՞ է դա հարգանքի նշան.
Չկա ոչ մի սխալ բան դրանում, եթե ժողովը, հարանվանությունը որոշում է կանգել։ Երբ ինչ-որ բան արվում է Աստծո և Իր Խոսքի հանդեպ հարգանքով, միշտ գոհացնում է Աստծուն։
Այսպիսով, եթե Աստվածաշունչ կարդալիս կանգնելը արվում է Խոսքի հանդեպ հարգանքից ելնելով, ոչ մի սխալ բան չկա դրանում։
Տիտոս 2։7-ում գրված է. «Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն…»։
Կապելով սա Աստվածաշունչ կարդալիս կանգնելու հետ, օրինակ լինելով այս գործողությամբ` ցույց ենք տալիս Աստվածաշունչ լսելու և կարդալու նկատմամբ մեր լրջությունը։
«Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։ Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք» (1 Թես. 5.12- 13)։
Կարող ենք համեմատել երկրի դրոշը բարձրանալիս մեր կանգնելու հետ։ Այն հարգանքի նշան է դրոշի և երկրի նկատմամբ։ Երբ երգում ենք ազգային օրհներգը, ևս կանգնում ենք՝ որոշները, նույնիսկ, դնում են իրենց ձեռքը կրծքավանդակին։ Նույնն է, երբ կանգնում ենք Աստվածաշունչ կարդալիս` ցույց տալու առավելագույն հարգանք Նրա Խոսքի նկատմամբ։
«Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։ Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. եւ օրին մտիկ չ՛անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։ Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։ Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։ Վասնզի նոյնիսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։ Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։ Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։ Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Հռոմ. 14.5-12)։
Աստվածաշունչը Աստծո՝ մեզ հետ խոսելու եղանա՞կն է.
Փառաբանությունը զրույց է Աստծո հետ` Իր Որդի Յիսուս Քրիստոսի միջոցով։ Աստվածաշունչն Աստծո ձայնն է` Սուրբ Հոգու միջոցով։
«Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (2 Տիմ. 4.16-17)։
Սա նշանակում է, որ խոհեմ է՝ կանգնելով հարգել Աստծո Խոսքը։
Մատ. 7.24-ում ասում է. «Արդ, ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վերայ»։
Ինչու՞ սա նշանակություն ունի.
Աստվածաշունչ կարդալիս կանգնելը ուղիղ հրաման չէ, և ոչ էլ՝ գործնականում վատ բան։ Այն զուտ հարգանքի նշան է փառաբանության ընթացքում՝ հաստատելով, որ Աստծո Խոսքն է ընթերցվում Իր հետևորդների առջև։
«Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են» (Սաղմ. 33.4)։
Իսկ Դուք եկեղեցում և Ձեր համայնքում կանգնած եք ընթերցում Աստծո Խոսքը, թե նստած, կարևորը՝ հարգանք տածել Աստծո Խոսքի նկատմամբ և ապրել դրանով:
Հեղինակ՝ Գլորիա Դայ
Աղբյուրը՝ christianity.com
Թարգմանեց Աննա Նիկողոսյանը