ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՐՈ ՔԱՐՈԶ
Էքզյուպերին ասում է՝ սրատես է միայն սիրտը, ամենագլխավորն աչքերով չես տեսնի: Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու:
Ճշմարիտ ու կատարյալ սիրո դեմ բոլոր գործարկվող միջոցներն անզոր են, և եթե նույնիսկ փորձենք բնութագրել, բացատրել սիրո ցանկացած դրսևորում, ապա ավելի շուտ կլռենք: Իսկ եթե փորձենք սահմանել, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝ Աստված սեր է, իսկ Աստծո Խոսքը, քրիստոնեությունը՝ սիրո քարոզ՝ ուղղված համայն մարդկությանը: Իրական սերը վեր է մարդկային բոլոր պատկերացումներից, այնքան վեհ ու վսեմ, որ չունի սկիզբ ու ավարտ, խորհուրդ է խորին, անհաս ու ամբողջովին ո՛չ ընկալելի, որ Աստված է: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» ( Հովհաննես Գ 16):
Աստվածային սիրո մեջ չկա ես-ը, կա միայն Աստված, Աստծով էլ սեր մեր նմանի հանդեպ: Պատվիրաններից առաջինը, որ տրվեց մարդկությանը. «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով», և երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս ԻԲ 37-39):
Պողոս առաքյալը գրում է. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիներ ԺԳ 4-7): Եկեղեցու հայրերից սուրբ Հովհան Ոսկեբերանն էլ հաստատում է` սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայի՛ր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան:
Եթե անդրադառնանք մարդկային սիրուն, ապա հարկ է նախ ասել, որ նրա մեջ հաճախ ես-ը գերազանցում է ամեն տեսակ վեհ զգացմունքի, հաճախ այնտեղ բացակայում է Աստծո, մենք-ի գաղափարը, որովհետև մարդկային սերը փոխադարձության է ձգտում, իսկ եթե չկա փոխադարձ զգացում, նրանցից մեկը, հարկավ, տառապում է անպատասխան սիրո պատճառով:
Բոլորս էլ, եթե նայենք մեր շուրջը, կհամոզվենք, որ Մայր Թերեզայի խոսքերը բացարձակ ճշմարտություն են, երբ ասում է՝ աշխարհն ավելի շատ սիրո ու գնահատանքի քաղց ունի, քան՝ հացի: Հացի կարոտությունը տանելի է, սիրո պակասից կորսվում է մի ողջ մարդկություն:
Այնուամենայնիվ, մարդիկ պահանջում են սեր սիրո դիմաց՝ չգիտակցելով, որ ողջ երջանկությունը հենց սիրելու, տալու, նվիրվելու, ծառայելու մեջ է, և որ շատ հաճախ պետք է ներդնել ժամանակ, հոգատարություն, սիրով առլեցուն խոսք կամ ուղղակի ֆիզիկական ներկայություն բոլոր նրանց կողքին, որոնք կարիքի մեջ են, որոնք հոգևոր պայքարի մեջ են, որոնք դեռևս չեն ճաշակել Աստծո սերը, որոնց համար պետք է իջնել, նրանց էլ քեզ հետ բարձրացնելու համար, իջնել, բայց երբեք չմնալ այնտեղ, եթե մարդն ինքը չի ուզում բարձրանալ, ում համար բոլորովին անարժեք է սիրո այդ տեսակ անվեհերությունը:
Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ նա, ում մեջ սեր կա, Աստծո Կամքն է կատարում, Նրա աշակերտն է. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես ԺԳ 35), ահա՛, սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը:
Շարունակելով սուրբ Եփրեմ Ասորու խոսքը՝ պետք է ընդգծել, որ այո՛, սերը չի մրցակցում, չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի, վատ աչքով չի նայում, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է, հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի թողնում:
Ի վերջո, պետք է հաշտ լինես ինքդ քեզ հետ, քո խղճի հետ, անսաս Աստծո ձայնին, որը քո ներսում է, այդ ժամանակ կզգաս աստվածային սերը անձիդ հանդեպ, որ զերծ է եսակենտրոնության վերածվելուց, որը զգում ես յուրայիններիդ, նույնիսկ օտարների հանդեպ, քանզի ասում է սուրբ Եփրեմ Ասորին՝ երկնքի դռները մեզ համար սիրով են բացված, ուստի ճշմարիտ ենք ասում, երբ ասում ենք՝ Աստված սեր է, որովհետև ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:
Արդ, նաև մենք՝ բոլորս, երբ կարծում ենք, թե շատ բան ենք հասկանում, ուշադիր լինե՛նք, երբ փորձում ենք օգնել մեր նմանին, որպեսզի առանց սիրո, սրտացավության ու հոգատարության չանենք երբեք ոչինչ: Եթե մի փոքր չարություն, նախանձ ու թշնամանք կա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանում, ինչ-որ մի գործի, արարքի մեջ, ուրեմն՝ այնտեղ սեր չկա, չկա և Աստված: «Սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը» (Հռոմեացիներ ԺԳ 10):
Սերը միշտ տարածվում է անսահմանորեն ու առատապես: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմեացիներ ԺԳ 8):
Պատրաստեց Նարինե Նահապետյանը