Աստված միշտ մեզ հետ է
«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ լինի» /Բ Կորնթացիներին 13.14/։
Պողոս առաքյալի այս խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում, պարզապես բարի ցանկություն չեն, որ Աստված լինի իր ժողովրդի հետ և օրհնի նրանց: Փոխարենը, նա հիշեցնում է մեզ որպես քրիստոնյաների, որ Աստված մեզ հետ է: Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված՝ միակ ճշմարիտ Աստվածը, միշտ մեզ հետ է, որպեսզի մեզ տա Իր մեծ պարգևները:
Ինչևէ, երբեմն սարսափելի է գիտակցել, որ Աստված միշտ ներկա է։ Նա գիտի, թե ինչ ագահ, կասկածելի կամ վրիժառու մտքեր ունենք։ Նա լսում է մեր հնչեցրած զայրացած կամ դառը խոսքերը: Նա ականատես է լինում այն անսեր, եսասեր և վիրավորական ձևերին, որոնցով մենք վերաբերվում ենք ուրիշներին: Ամենակարող, կատարյալ Աստված գիտի մեր մեղքը, լսում է այն, տեսնում և ատում է այն:
Այնուամենայնիվ, այդ ամենազոր, կատարյալ Աստված չի լքում մեզ: Ավելին,Նա մնում է մեզ հետ և օրհնում մեզ Իր շնորհով: Հիսուսի զոհաբերության միջոցով Նա հանում է մեր մեղքը ամեն մեղսավոր մտքի, խոսքի և արարքի համար: Աստված այնքան սիրեց մեզ, որ ուղարկեց Իր Որդուն՝ մեր Փրկիչին։ Նա ներում է մեր մեղքը և տալիս է մեզ հավիտենական կյանքի պարգևը: Եվ ամեն օր Նա հոգում է մեր բոլոր կարիքները և պաշտպանում մեզ բոլոր վնասներից ու վտանգներից։ Նա նաև օրհնում է մեզ Սուրբ Հոգու միջոցով: Ավետարանի զորությամբ Սուրբ Հոգին բերում է մեզ հավատք առ Հիսուս: Նա շարունակում է աշխատել Աստծո Խոսքի միջոցով, որպեսզի մեզ հաղորդակից դարձնի Հիսուսի և քրիստոնյաների հետ։
Օրհնված լինելով Աստծո շնորհով, սիրով և հաղորդակցությամբ՝ մենք ուրախ ենք ամեն օր ապրել այն վստահությամբ, որ Աստված միշտ մեզ հետ է:
Աղբյուրը՝ wels.net
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը