Սաղ. 16.8 - «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ...»:

Մառախուղի ժամանակ դու շատ հեռուն չես տեսնում և չես կարող համարձակ քայլել կամ մեքենան արագ վարել։ Բայց երբ առջևիցդ մեքենա է գնում, քեզ համար ավելի հեշտ է, որովհետև դու արդեն այդ մեքենային ես հետևում, թեև կա նաև վտանգ, որ եթե հանկարծ այդ մեքենան սխալվի, դու էլ կվնասվես։

Այդպես էլ մեր կյանքում է. հաճախ այն մեզ համար նման է մառախուղի. շատ բաներ չենք տեսնում, չենք հասկանում, բայց կարիք ունենք շարժվելու և  առաջ ընթանալու։ Եթե Տիրոջն ենք դրել մեր առջևում և Նրան ենք հետևում, ապա վստահ կարող ենք լինել, որ ճիշտ ենք ընթանում, և մեզ վտանգ չի սպառնում։ Թեև մառախուղի  (վախերի, անհանգստությունների, վտանգների) պատճառով սահմանափակվել է մեր տեսողությունը և շատ բան չենք տեսնում, չենք կարողանում ազատ և խաղաղ որոշումներ կայացնել, բայց մենք նույնիսկ այդ վիճակում կարող ենք հետևել Նրան՝ մեր առաջնորդին, ով կտանի և ապահով կհասցնի մեզ մեր նշանակետին։

Ինչպես Պողոս առաքյալին Նա երևաց և ասաց՝ Գործք 27.23-24. «Որովհետեւ այս գիշեր երեւեցաւ ինձ այն Աստուծոյ հրեշտակը՝ որ ես նորանն եմ եւ  որին էլ պաշտում եմ. Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս...»։

Բոլորը ողջ մնալու իրենց հույսը կտրել էին, գրեթե համակերպվել էին իրենց կործանման հետ, որովհետև ոչինչ չէին տեսնում, որևէ հուսադրող բան չկար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ, երբ բոլորն անհույս էին, Աստծո մարդը ասելու խոսք ուներ, բոլորին հակառակ մի խոսք, որը ստացել էր Աստծուց։ Հարյուրավոր մարդիկ կփրկվեն քո միջոցով միայն այն պատճառով, որ դու չես նայում քո շուրջը եղածին, այլ ընթանում ես Տիրոջ ետևից։

Անգամ խավարի մեջ, եթե քո առջևից Տերն է գնում, Նա կառաջնորդի քեզ և կլուսավորի քո ճանապարհը։ Շատ կարևոր է այս կյանքում չխոտորվել և չշեղվել բուն ճանապարհից։ Չշեղվելու երաշխիքը միայն մեր Տիրոջը հետևելն է, նրա հետքերով ընթանալը։ Ընթացքում շատ տարբեր բաների կհանդիպենք, գրավիչ, լավ և կարճ ճանապարհների կհանդիպենք, բայց հիշենք, որ կարճ ճանապարհները միշտ չէ, որ լավագույն ճանապարհն են։ Կհանդիպենք վախեցնող և սարսափ ներշնչող գազանների (չքավորության, հիվանդության և հալածանքի),
բայց եթե շարունակես նայել Տիրոջը, ով առաջնորդում է քեզ, երբեք չես սայթաքի և ցած ընկնի, որովհետև Նա գիտի՝ ուր է քեզ պետք առաջնորդել։

Աստված ցույց կտա քեզ ճանապարհը, իսկ եթե անգամ ճանապարհ չկա, Նա կպատրաստի այն հատուկ քեզ համար։

Առակ. 3.6 - «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա  կուղղէ քո ճանապարհները»։

Արտավազդ Թադևոսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.