ԱՍՏՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ Է․․․
Բարերար բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «սեր մարդկանց նկատմամբ»։ Այսօր այդ բառով անվանում են մարդուն, ով զբաղվում է բարեգործությամբ՝ ի օգնություն կարիքավորների։
Աստված ամենահարուստ Բարերարն է։ Նրան է պատկանում աշխարհի բացարձակապես բոլոր հարստությունը․ «Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. Ասում է Զօրաց Տէրը» /Անգե 2․8/։
Նաև՝ Աստված ամենաջանասեր Բարերարն է։ Նա արդեն հազարավոր տարիներ բաժանում է Իր բարիքները․«․․․ Որովհետեւ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» /Մատթեոս 5․45/։
Եվ վերջապես Նա ամենաշռայլ Բարերարն է։ Նա մարդկանց չտվեց միայն ադամանդներ ու նավթ, այլ նաև Իր միածին Որդուն․«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» /Հովհաննես 3․16/։
Այնպես որ փառք տա՛նք մեր Բարերար, Մարդասեր Աստծուն Իր բազումողորմ բարիքների և անսահման սիրո համար։