Աստծուն հատկացրեք ձեր լավագույն ժամանակը
Եթե ցանկանում եք խորը փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ, ապա պետք է մի պահ կանգ առնեք և հանդարտ մտածեք։ Աստծո հետ ընկերությունն, ինչպես ցանկացած այլ դեպքերում, ձեզանից ժամանակ է պահանջում։ Եթե դուք ձեր ընկերների համար ժամանակ չունեք, ապա նրանք, ըստ երևույթին, իրական ընկերներ չեն։ Այսպիսով, եթե ցանկանում եք, որ Աստված ձեր լավագույն ընկերը լինի, ձեր լավագույն ժամանակը Նրան հատկացրեք։
Աստվածաշունչն ասում է․ «Հանդարտ մնա և իմացիր, որ ես Աստված եմ․․․» (Սաղմոս 46․10):
Աստծուն ավելի լավ ճանաչելու համար պետք է ամեն օր ժամանակ տրամադրել Նրա հետ հանգիստ հաղորդակցվելու համար։ Շատերը չեն ճանաչում Աստծուն։ Նրանք երբեք չեն զգացել Աստծո սիրո դրսևորումները, չեն հասկանում Նրա գործողությունների պատճառները։ Դրա համար Աստվածաշունչն ասում է, որ Աստծո հետ մտերմությունը հասանելի է Նրանց համար, ովքեր վախենում են Նրանից (ակնածում են)։ Այլ կերպ ասած՝ նրանց, ովքեր պատրաստ են կանգ առնել և ժամանակ անցկացնել Աստծո հետ։
Ինչի՞ կնմանվեր ընկերությունը, եթե ժամանակ չտրամադրվեր դրան։ Մտերմությունն ուշադրություն է պահանջում։ Երբեք Աստծուն մոտիկից չեք ճանաչի, եթե սահմանափակվեք եկեղեցական ծիսական այցելություններով։
Աստծո Խոսքը կարդալով՝ հարցրեք․ «Տե՜ր, ի՞նչ ես ուզում ինձ ասել»։ Միևնույն ժամանակ յուրահատուկ բառեր մի՛ փնտրեք, այլ խոսեք պարզ մարդկային լեզվով, իսկ հետո լսեք։
Դրա մասին Աստվածաշունչն ասում է․ «Իսկ դու երբ աղոթք անես, մտի՛ր քո ներքին սենյակը, դուռը փակի՛ր և աղոթիր Հորդ, որ գաղտնի տեղում է գտնվում․ և քո Հայրը, որ գաղտնին է տեսնում՝ հայտնապես կհատուցի քեզ։ Եվ երբ աղոթք անեք, հեթանոսների նման դատարկ կրկնություններ մի՛ օգտագործեք, որովհետև կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար է, որ պիտի լսվեն» (Մատթեոս 6․6,7)։
Հենց այսօր կանգ առե՛ք, կենտրոնացե՛ք Աստծո վրա և լսե՛ք Նրա օրհնության խոսքը։
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը