«Այսուհետև եղբայրներս, զորացեք Տերով և Նրա զորության կարողությամբ: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ: Արդ հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած, արդարության զրահը հագած: Եվ ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ ամենի վրա հավատքի վահանն առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել: Եվ փրկության սաղավարտն առեք և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է: Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով» (Եփես. 6.10, 11, 14-18):

Նկարում պատկերված են հռոմեացի լեգեոներները, որոնց նայելով, Պողոս առաքյալը` Սուրբ Հոգուց առաջնորդված, գրել է Աստծո սպառազինության մասին:

Նախ նկատենք, թե ինչ հրաշալի միաբանությամբ են նրանք պաշտպանություն կազմում: Դա կոչվում է «Կրիա», և նմանությունն, իհարկե, ակնհայտ է:

«Կրիա»-ն (լատ. testudo) հռոմեական հետևակի մարտական կարգն է՝ նախատեսված դաշտային մարտերի և պաշարումների ժամանակ նետողական զենքերից պաշտպանվելու համար: Որ կողմից էլ նայես, երևում են միայն վահանները: Ընդ որում «Կրիան» այնքան ամուր ու դիմացկուն էր, որ նրա վրայով կարողանում էին անցնել նաև ձիերն ու սայլերը, որովհետև վահանները կղմինդրե տանիքի նման դրվում էին մեկը մյուսի վրա: «Կրիան» կարող էր կազմվել ցանկացած թվով զինվորներից:

Իսկ այժմ ուշադրություն դարձրե՛ք հռոմեական վահանի կառուցվածքին. դա գրեթե ամբողջովին ծածկում էր զինվորին՝ դարձնելով անխոցելի թշնամու համար: Այդ անխոցելիությունը կրկնապատկվում էր կենտրոնում ամրացված մեծ մետաղյա գնդի շնորհիվ, որին հարվածելիս՝ թշնամու նետերը, նիզակներն ու սրերը սահում էին ու շեղում իրենց ուղղությունը: Անխոցելիությանը մեծապես նպաստում էր նաև «Կրիայի» կառուցվածքը: Այդ դիրքով հռոմեացիները կարողանում էին, առանց նույնիսկ մեկ զինվոր կորցնելու, մոտենալ հակառակորդին ու մարտի բռնվել կարճ տարածության վրա, որտեղ արդեն գործի էին դնում իրենց կարճ և ահարկու սրերը: Եվ ի վերջո, նրանց անխոցելիությունը բազմապատկվում էր նրանց հաղթական տրամադրվածությամբ, ինչը նկատելի է նրանց դեմքերի արտահայտությունից:

Սա իսկապես մարտավարության հրաշալի օրինակ է քրիստոնյաներիս համար: Եթե Պողոս առաքյալը հռոմեացի զինվորների հանդերձանքի օրինակով բացատրում է Աստծո սպառազինությունը, որով պետք է զինվենք, ուրեմն ինչո՞ւ նաև օրինակ չվերցնել նրանց միաբան մարտավարությունից, մեկմեկու պաշտպանելու և միասնաբար հաղթանակի հասնելու կարողությունից: Չէ՞ որ մեր հավատքը նույնպես ոչ միայն մեզ համար է, այլ նաև մեր քույրերի ու եղբայրների, և ճիշտ օգտագործելու դեպքում պաշտպանում է մեզ ամեն կողմից (մեր կյանքի ամեն մի բնագավառը), ինչպես լեգեոներների վահաններից կազմված ամուր պատնեշը:

Այդ հավատքն Աստծո զորավոր բանակի առաջխաղացման հիմքն է, ինչպես հռոմեական հեծելազորը կարող էր պետք եղած ժամանակ արշավել վահաններից կազմված կրիայի վրայով ու հարձակման անցնելով՝ ջախջախիչ հարված հասցնել հակառակորդին…

Այդ հավատքն է, որ «հանգցնում» է թշնամու հեռահար ու կրակոտ նետերը, ինչպես հռոմեացիների վահաններն էին պաշտպանում նրանց հակառակորդի նետողական զենքերից:

Եվ ի վերջո, այդ հավատքն է, որ թույլ է տալիս առանց վախենալու դեմառդեմ կանգնել թշնամու առջև և խոցել նրան հռոմեական ու ցանկացած այլ սրից էլ հազարապատիկ ավելի ահարկու սրով՝ կենդանի Աստծո Խոսքով…

Հռոմեացի զինվորները սովորում էին երբեք մեջքը չդարձնել դեպի թշնամին, այսինքն՝ չփախչել, որովհետև դա նրանց համար խայտառակություն էր:

… ԵՓՐԵՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԶԵՆՔ ՀԱԳԱԾ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ ԷԻՆ, ՀԵՏ ԴԱՌԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐՈՒՄ, ԱՍՏԾՈ ՈՒԽՏԸ ՉՊԱՀԵՑԻՆ ՈՒ ՄԵՐԺԵՑԻՆ ՆՐԱ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ԳՆԱԼԸ  (Սաղմոս 78. 9, 10):

Մենք Աստծո սպառազինությունը ունենք. չվարվե՛նք Եփրեմի որդիների նման, այլ վարվենք Տեր Հիսուսի նման, Պողոսի ու մյուսների նման, որ կարողանանք վերջում ասել. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի: Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, կտա ինձ այն օրում, և ոչ միայն ինձ այլ նաև ամենքին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը»:

Պատերազմը չի՛ ավարտվել, զենքերդ ցած մի՛ դիր: Հագի՛ր սպառազինությունդ, որովհետև պատերազմը դեռ նոր է թեժանում… Ուրեմն, առա՛ջ, Տեր Հիսուսի հետքերով՝ դեպի լիակատար հաղթանակ:

Էդուարդ Մխիթարյան

Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.