Աստծո սերն անսահման է
Մենք շատ դաժան կգտնվենք ինքներս մեր հանդեպ, եթե փորձենք այս աշխարհում ապրել առանց այն ստեղծած Աստծուն ճանաչելու, իսկ դրա լավագույն միջոցն Աստվածաշունչ ընթերցելն է:
-Երբ կարդացի Աստվածաշունչը՝ հասկացա, որ աշխարհում կա մեկն, ով անմնացորդ սիրում է ինձ: Սիրում է առանց նախապայմանների: Սիրում է, որովհետև կամ: Իմ կյանքն, իրոք, սկսեցի արժևորել այլ լույսի ներքո:
Արսենը պատմում է, որ իր կյանքում պատահած բոլոր դժվարություններին դիմակայելու համար, եկավ այն գիտակցման, որ պետք է իմաստավորել կյանքը՝ փոխհարաբերվելով Աստծո հետ. «Աստված ասում է՝ դու պետք է չանցնես այս կյանքի ուղին միայնակ, ուստի ես քեզ հետ եմ միշտ: Այո՛, ես հասկացա, որ կարիք ունեմ մեկի, ով անսահման է, կատարյալ է իմաստության մեջ և կարող է օգնել ինձ ճիշտ անցնել այս կյանքի իմ ուղին»:
Աստծո սերն անսահման է մարդու նկատմամբ, իսկ մարդու սերը Տիրոջ նկատմամբ պետք է արտահայտվի տարբեր միջոցներով, որոնց մեջ առանձնանում է պատվիրանապահությունը, ուստի սխալ չի հնչի, եթե ասենք՝ նա, ով մերժում է Աստծուն, սիրում է մահը, նա, ով սիրում է Աստծուն, ընտրում է անմահությունը. «Անհնար է կարդալ Աստվածաշունչ ու ամեն տողում չզգալ Աստծո՝ մեր հանդեպ տածած սերը: Աստծո էությունն է սիրել մարդուն»:
Աստված կարող է փոխել կյանքիդ ողջ ընթացքը: Նա, իհարկե, չի վերացնի կյանքումդ առկա ֆինանսական, կենցաղային, խնդրահարույց մարտահրավերները, բայց կօգնի քեզ լուծել այդ ամենն առանց վախի, անհանգստության: Գուցե, ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ չկարողանաս պայքարել, չկարողանաս հունից դուրս չգալ, չսիրել, չատել այս կամ այն իրողությունն, որը քեզ հետ է կատարվում, փոխարենը Նա քեզ ցույց կտա ներողամիտ, խաղաղ, սիրալիր լինելու այն ճանապարհը, որը բաց է բոլորիս համար, պարզապես ինքներս ենք ընտրում քայլել դեպի լույս տանող այդ ճանապարհով, թե ոչ:
Լիլիանա Օսիպյան, qahana.am