Աստծո ուշադրությունն Իր զավակների վրա է, այլ ոչ թե աշխարհի բռնակալների
Փորձությունների ժամանակ մենք կարող ենք մտածել. «Որտե՞ղ է Տիրոջ աչքը»: Կարող ենք վստահ լինել, որ Աստված կենտրոնացած չէ խելագար առաջնորդների վայրի ծրագրերի վրա, որքան էլ որ դրանք հզոր լինեն: «Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։ նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս» (Եսայիա 40.23-24):
Եսայիան ասում է մեզ. «Այս «սերմերը» շուտ չեն ծլում և արմատավորվում հողում, քանզի Աստված փչում է նրանց վրա, և նրանք չորանում են: Երկրի չար տիրակալները կործանվում են Նրա «պտտահողմից»՝ վերածվելով տաշեղների: Նա նրանց դարձնում է անպիտան»: Դա մեզ ապացուցելու համար Հիսուսն ասաց. «Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» (Մատթեոս 10.28):
Նույնիսկ համաշխարհային մեծ խառնաշփոթի պայմաններում Աստծո գերուշադրությունը բռնակալների վրա չէ: Նրա ուշադրությունը կենտրոնացած է Իր զավակների կյանքի յուրաքանչյուր հանգամանքի վրա: Քրիստոսն ասում է հաջորդող հատվածում. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր» (10.29):
Քրիստոսի երկրային օրերում ճնճղուկները համարվում էին աղքատների միս, և երկուսը վաճառվում էին մեկ մետաղադրամի դիմաց: Փողոցներում ամեն քայլափոխին կհանդիպեիր թռչնապանների՝ ճնճղուկներով լի զամբյուղներ ձեռքերին: Սակայն Հիսուսն ասաց. «Այս փոքրիկ արարածներից ոչ մեկը չի ընկնում գետնին առանց ձեր Հոր իմացության»: Ըստ Աստվածաշնչի մեկնաբան Ուիլյամ Բարքլեյի՝ վերը նշված հատվածում Հիսուսի «ընկնել» բառը ավելին է, քան թռչնի մահը: Արամերեն իմաստն է «գետնին լույս սփռելը»: Այլ կերպ ասած՝ «ընկնելը» այստեղ ցույց է տալիս յուրաքանչյուր շարժում, որն անում է փոքրիկ վիրավոր թռչունը:
Ըստ էության, Քրիստոսը մեզ ասում է. «Քո Հոր աչքը ճնճղուկի վրա է ոչ միայն այն ժամանակ, երբ նա մահանում է, այլ նույնիսկ այն ժամանակ, երբ լույս է տարածում ընկնելիս: Աստված տեսնում է նրա ամեն մի փոքրիկ պայքարը, և Նա մտահոգված է նրա կյանքի յուրաքանչյուր մանրուքով»:
Հիսուսն այնուհետև ասաց. «Ուրեմն մի՛ վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (10.31): Պարզ ասած՝ Նա, Ով կերտել ու հաշվել է բոլոր աստղերը, Ով պահում է գալակտիկաներն իրենց ուղեծրերում, Իր հայացքն ուղղել է դեպի ձեզ: Ուրեմն՝ գտե՛ք Նրա մեջ հանգիստ և ապահովություն:
Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը