Աստծո Խոսքը տալիս է ավելի շատ խաղաղություն ու հեռացնում ընկճախտը
«Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք»(Փիլիպպեցիս 4.8):
Սա կատարելու համար մտքի փոփոխություն է անհրաժեշտ: Սա նշանակում է, որ դուք պետք է կառուցեք և հաստատեք նոր և ավելի լավ սովորություններ:
Ձեր միտքն ամեն օր ծանրաբեռնվում է հազարավոր ստերով: Գովազդներն ու սոցիալական մեդիահարթակները ձեզ փորձում են համոզել, որ եթե դուք չեք մտածում, հագնվում կամ գործում որոշակի կերպով, ապա դուք կարևոր անձ չեք: Երբ մեծանում եք, ձեզ ասում են, որ եթե առաջադիմություն չունենաք գիտության կամ սպորտի բնագավառում, պա դուք կարևոր անձ չեք: Այս աշխարհը լի է ստերով, որոնցից շատերին դուք հավատացել եք: Բայց դրանք ամբողջապես սուտ են:
Այդ ստերին հակազդելու միակ միջոցը մտքերը ճշմարտությամբ սնուցելն է: Ճշմարտությունն այն է, որ դուք Աստծո զավակն եք, և դուք Նրա համար չափազանց կարևոր եք: Հիսուսն ասաց, որ երբ դուք ճանաչեք ճշմարտությունը, այն ձեզ ազատ կանի:
Ազատվել նշանակում է շրջադարձ ունենալ: Բայց միակ ճանապարհը դա անելու Աստծո Խոսքի ամենօրյա ընթերցումն է, նույնիսկ, եթե դա շատ կարճ է տևելու:
Եթե կարծում եք, որ դա ձեր ուժերից վեր է, հապա մի պահ մտածեք՛, թե որքան ժամանակ եք վատնում սոցհարթակների, հեռուստատեսության կամ լուրերի ընթերցման վրա: Ինչպե՞ս եք առողջ միտք ունենալու, եթե ձեր ողջ միտքը լցնում եք ճշմարտությանը հակասող աղբով և ստով:
Ամեն բան չէ, որ լսում եք, ճշմարիտ: Դուք պետք է ամեն օր ընկղմվեք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, քանի որ Աստված մշտապես ճշմարտություն է խոսում: Դուք կարող եք վստահել այն ամենին, ինչ Նա ասում է ձեր մասին և այն խոստումներին, որ Նա տվել է ձեզ՝ Իր Խոսքի միջոցով, քանի որ Նա միշտ կատարում է դրանք:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ձեր միտքն ու հայացքը մշտապես ուղղված են ճշմարտացի բաներին:
«Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.7):
Չե՞ք կամենում խաղաղեցնել ձեր սիրտն ու միտքը: Սա կլինի իրական առաջընթաց՝ ավելի քիչ ընկճախտ և շատ ավելի շատ խաղաղություն: Սկսե՛ք ձեր առաջընթացը հենց այսօր՝ մտորելով Աստծո Խոսքի շուրջ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com