Աստծո դեղամիջոցը կոտրված սրտերի համար
Հայտնի սրտաբանն իր կենսագրության մեջ գրել է. «Հույսն այն դեղամիջոցն է, որն ամենից հաճախ եմ օգտագործում, քանի որ հույսը կարող է բուժել գրեթե ցանկացած բան»։
Ահա Հիսուսի հուսադրող խոսքերը բոլոր նրանց համար, ում սիրտը կոտրված է.
«Թող ձեր սրտերը չխռովվեն. Աստծո՛ւն հավատացեք, նույնպես Ինձ հավատացեք։ Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. եթե այդպես չլիներ, Ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այնտեղ լինեք»։ Հովհաննես 14.1-3
Երբ Հիսուսն այս խոսքերն ասաց, աշակերտները վախեցան։ Նրանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, նոր էր փախուստի դիմել։ Եվ այսպես, Հիսուսը ցնցեց նրանց իր գնալու և աշակերտներին թողնելու մասին խոսքերով։ Նրանք չգիտեին՝ ինչ էին անելու առանց Նրա։ Աշակերտները չէին հասկանում, որ Նա գնում էր դեպի խաչը՝ մահանալու նրանց և մեր մեղքերի համար։ Չէին հասկանում, որ մեռելներից հարություն առնելով՝ մեզ իմաստ, նպատակ և մահից հետո կյանքի հույս էր տալու։ Ամենը, ինչ լսել էին, այն էր, որ Նա պատրաստվում էր թողնել իրենց, և դա պարզապես վախեցնում էր նրանց։ Դրա համար էլ Հիսուսն ասաց. «Թո՛ղ ձեր սրտերը չխռովվեն»։ Մոտեցող խաչի լույսի ներքո կարող է թվալ, թե ձեր ամբողջ կյանքը կործանվում է և խավարը տիրում է ձեզ, բայց թույլ մի՛ տվեք ձեր սրտին անհանգստանալ։
Այդ ամենից հետո Հիսուսը երեք պատճառ նշեց, թե ինչու նրանց սրտերը չպետք է անհանգիստ և վախով լցված լինեն, և դրանք արդի են նաև այսօր մեզ համար։
1.Աստված մեզ Իր Խոսքն է տվել։
Նայե՛ք Նրա Խոսքին և կտեսնեք, որ Աստված անում է այն, ինչ ասում է։ Դուք կարող եք վստահել և հավատալ Նրան։ Հիսուսն ասաց. «Հավատացե՛ք Աստծուն, նույնպես Ինձ հավատացեք»։ Այդ խոսքերով Հիսուսը ցույց էր տալիս աշակերտներին, որ գիտի, թե ինչ է անում, և Իր Խոսքը ճշմարիտ է և կկատարվի ճիշտ ժամանակին։
Դուք հավատում եք Աստծուն, թե՞ քաղաքական գործիչներին, տեխնոլոգիաներին, փողին կամ մարդկանց։ Այս ամենն, ի վերջո, կհիասթափեցնեն ձեզ, բայց Հիսուսն ասում է.
«Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեև մեռնի, պիտի՛ ապրի»: Հովհաննես 11.25
Ունե՞ք դուք նման հույս ձեզ և մյուսների համար։ Աստվածաշունչն ասում է, որ ֆիզիկական մարմնից բացակայելը նշանակում է լինել Աստծո հետ։ (2 Կորնթացիներին 5.8)։ Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ քրիստոնյան այս կյանից մյուսն է տեղափոխվում։
2.Եթե դուք հավատացել եք Քրիստոսին, ձեր նախասահմանությունը Երկինքն է։
«Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. եթե այդպես չլիներ, Ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»։ Հովհաննես 14.2
Մահը ճանապարհի վերջը չէ, այլ ուղղակի շրջադարձ է և խաչվում է Հիսուսի անցած ճանապարհի հետ։ Գերեզմանը մուտք է ոչ թե դեպի մահ, այլ՝ կյանք։ Եվ եթե դուք հավատացել եք Հիսուսին, երկրի վրա ձեր վերջին շունչը կլինի ձեր առաջին շունչը երկնքում։ Ես վստահում եմ իմ կյանքը ճշմարտության Աստծուն։ Գիտեմ, որ մարդիկ մահանում են, աշխարհում ցավ ու տառապանք կա. իմ կյանքում շատ են եղել դրանք, բայց նաև գիտեմ, որ մենակ չեմ։ Ես գիտեմ, որ այս ճանապարհն անցնելու համար կարիք չունեմ սեփական ուժերս փնտրելու։ Այդ ամբողջ ընթացքում Աստված ինձ հետ է, ինչ էլ որ պատահի։
3.Հիսուս Քրիստոսը վերադառնալու է։
«Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այնտեղ լինեք»։ Հովհաննես 14.3
Մենք տեսնում ենք, թե ինչպես են աստվածաշնչյան մարգարեությունները կատարվում մեր աչքի առաջ։ Ամեն օր անհանգիստ աշխարհում տեսնում և լսում ենք լուրեր, որ հիշեցնում են աստվածաշնչյան նախազգուշացումները Քրիստոսի գալուստից առաջ։
Հիսուսն ասել է. «Երբ սկսվեն այս բաները լինել, վե՛ր նայեք ու բարձրացրե՛ք ձեր գլուխները, քանի որ ձեր ազատագրումը մոտ է»։ Պողոս առաքյալը գրել է. «Որովհետև Տերն Ինքը հրամայական գոչյունով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով կիջնի երկնքից, և նախ Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն. հետո մենք, եթե ողջ մնանք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք ամպերով՝ օդի մեջ Տիրոջը դիմավորելու. և այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք»։ 1 Թեսաղոնիկեցիներին 4.16,17
Պողոսն այս խոսքերը գրում էր մտահոգված մարդկանց։ Նա գրում էր հավատացյալներին, ովքեր մտածում էին, որ այլևս երբեք չէին տեսնելու իրենց մահացած մտերիմներին։
Մահը մեծ բաժանարար է, բայց Հիսուս Քրիստոսը մեծ վերականգնիչ է։ Մեզ հույս է պետք մեր կոտրված սրտերի համար։ Գուցե դուք այսօր լցված եք ցավով կամ մտածում եք՝ կարո՞ղ է արդյոք ձեր սիրտը երբևէ փոխվել։ Հիսուսը հույս ունի ձեզ համար։
Բայց Երկինքը յուրաքանչյուր մարդու համար նախատեսված տեղ չէ։ Դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք այնտեղ մտնելու համար։ Այդ խոստումները նախատեսված են միայն նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսին։ Նրանց համար Աստված հիանալի ապագա է նախատեսել։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր սիրտը խռովվի, լցվի վախով, և եթե այն կոտրված է, թո՛ղ Հիսուսը դիպչի դրան։
Հեղինակ՝ Գրեգ Լորի
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը