Արցունքները սրբողը
Հազիվ էի պատգամս ավարտել մարդկային վշտի և ցավի մասին, երբ դռան մոտ մի զույգ մոտեցավ և ուզեց հետս խոսել: Կինը պատմեց այն ծանր բեռի մասին, որ իրենց ընտանիքը կրում էր:
Նրանց դեռատի զավակը մարմնական շատ լուրջ տկարություն ուներ, և նրանց անհույս ու անվերջանալի հոգածությունը մեծ վիշտ էր պատճառում: Մանավանդ, որ գիտեին, թե ոչ մի բան չի փոխվելու իրենց զավակի վիճակի մեջ:
Մինչ նրանք արցունքոտ աչքերով խոսում էին ինձ հետ, նրանց փոքրիկ աղջիկը կողքներին կանգնած նայում և ուշադիր լսում էր: Նկատելով մոր վիշտը և նրա երեսն ի վար հոսող արցունքները՝ նա ձեռքը բարձրացրեց և սկսեց սրբել մոր արցունքները: Եղածը պարզապես սիրո և կարեկցության արտահայտություն էր և մտահոգություն՝ այդքան փոքրիկ աղջնակի կողմից իր մոր հանդեպ:
Մեր արցունքները հաճախ մշուշոտում են մեր տեսողությունը և արգելք հանդիսանում իրերն ու հարցերը հստակ կերպով տեսնելու համար: Նման պայմաններում շատ քաջալերական է՝ ունենալ մի բարեկամ, ով իսկապես մեզ կսիրի, կմտահոգվի մեր ցավով և կցանկանա մեզ հետ լինել մեր պայքարի մեջ:
Միևնույն ժամանակ, թեև բարեկամները կարող են օգտակար լինել, սակայն միայն Քրիստոսը կարող է մեր արցունքներից ավելի խորը գնալ և հասնել մեր վշտահար սրտերին: Նրա մխիթարությունը կարող է մեզ զորացնել մեր ցավի դեմ պայքարի ընթացքում, մինչև հասնենք այն օրվան, երբ Աստված Ինքը կսրբի արցունքները մեր աչքերից.
«Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերիցը. և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ. և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան» (Հայտնություն 21.4):
Այն Աստված, որ լվաց մեր մեղքերը, կսրբի նաև մեր արցունքները:
«Զհաց մեր հանապազօր» գրքույկից