Արցախյան օրակարգ. Աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում
ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»:
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ հոդվածի հայերեն թարգմանությունից.
«Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։
Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։
Մինչ հրադադարը ձախողվում է, հայկական եւ ադրբեջանական զորքերն ու խաղաղ բնակիչները միակը չեն, որոնք զոհվում են հինավուրց լեռներում եւ փախչում Եդեմ հիշեցնող այս դաշտերից։ Այստեղ ցրված են սիրիացի վարձկանների ծվենները, իսրայելական անօդաչու թռչող սարքերի, թուրքական ուղղաթիռների եւ ռուսական ռումբերի բեկորները, որոնց պայթյուններից սկիզբ է առնում անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմ։
Կան նաեւ այլ գործող ուժեր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծվելուց ժամեր անց կրկին ենթարկվեց ռմբակոծության։
Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ` ռազմահենակետինը։ Եկեղեցու ռմբահարումը նույնը չէ, ինչ` հիվանդանոցինը կամ, նույնիսկ, մանկապարտեզինը: Նման դեպքեր եւս տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր համընդհանուր, անօրինական կասետային հրետակոծումներն ընդդեմ Արցախի բոլոր քաղաքների հայ բնակչության։
Եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ եւ հիշողություն ունի։ Ռմբակոծված սրբավայրն այնպիսի փոշի է բարձրացնում, որը հողմ է դառնում եւ, անգամ, ամենաարդիական մտածողությամբ հային քշում է ավելի քան մեկ դար հետ` դեպի 1915 թվական։
Դա այն տարեթիվն է, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսել էր համակարգված տեղահանումը, հավատափոխության փորձը եւ, ի վերջո, միլիոնուկես քրիստոնյա հայերի կոտորածը։
«Թուրքիայի քրիստոնյաները վտանգի տակ են»,- ահազանգում էին «The New York Times»-ի 1915-ի խորագրերը։ «Հայաստանում կատարված սարսափի պատմությունը»։ «Հայաստանի մահը»։ Այն համաշխարհային իրադարձություն էր դարձել. աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի ահասարսուռ ջարդը։ Ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը` ծավալված Արարատի խոժոռ հայացքի ներքո, աստվածաշնչյան լեռներում, որտեղ Նոյի տապանն էր հանգրվանել։
Այո, եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ ունի։ Եկեղեցու ռմբակոծումը հարյուրամյա պատմության ակնթարթային վերհուշն է, որում իրապատումների, արտահայտությունների, ձեւաչափերի ու ձեւակերպումների բազմությունը ճանապարհ է հարթում դեպի մեկ ակնհայտ ճշմարտություն։
Նույնիսկ հիմա, երբ մոլորակը աշխարհիկ մոտեցում ունի նման աղերսների հանդեպ, քրիստոնյաները կրկին վտանգի տակ են։ Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»։