Արդյոք Աստված գոյություն ունի՞
Հարց՝ Արդյոք Աստված գոյություն ունի՞:
Պատասխան՝ Աստծո գոյության մասին հարցն ամենակարևոր հարցն է, որի շուրջ մարդը պետք է լրջորեն մտածի։ Աստծո մասին կարծիքները շատ են և ամենուր։ Սակայն «Արդյոք Աստված գոյություն ունի՞» հարցին պատասխանելն ավելին է պահանջում, քան` մի քանի վայրկյան ուշադրությունը կենտրոնացնելը և ներառում է գաղափարների ու ապացույցների լայն շրջանակ։ Վերջին հաշվով այն ամենն, ինչ տեսնում ենք մարդկային փորձառության, գիտության, տրամաբանության և պատմության մեջ, մեզ ուղղորդում է դեպի վստահ պատասխանը․ «Այո՛, Աստված գոյություն ունի»։
Հաճախ այս հարցը հետևյալ ձևակերպմամբ ենք ստանում․ «Կարո՞ղ եք ապացուցել Աստծո գոյությունը»։ Խնդիրը նրանում է, որ թեև ճշմարտությունը բացարձակ հասկացություն է, սակայն այդ առումով գրեթե հնարավոր չէ բացարձակ ապացույցներ բերել, եթե խոսքը չի վերաբերում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տրամաբանությունն ու մաթեմատիկան։ Կանխատրամադրվածությունն ու հակումները մշուշում են մեր տեսակետները։ Միշտ որոշակի անջրպետ է լինելու այն ամենի մեջ, ինչը «գիտենք» և ինչին «հավատում» ենք։ Մենք գործում ենք անկախ այն ամենից, որ չգիտենք և այն ամենի շնորհիվ, ինչը գիտենք։ Սա է աստվածաշնչյան հավատի էությունը՝ ներառյալ Աստծո գոյության մասին հավատը։ Մենք վստահում ենք այն ամենին, ինչը գիտենք, և դա մեզ մղում է գործելու՝ անկախ բացարձակից հեռու լինող հասկացողության (Եբրայեցիս 11․6)։
Աստծուն ընդունելու որոշումը հավատ է պահանջում։ Աստծո հանդեպ հավատը չպետք է կույր հավատ լինի (Հովհաննես 20․29), (Հովհաննես 5․39–40)։
Արդյոք Աստված գոյություն ունի՞․ մարդկային փորձառություն
Աստծո գոյության մասին քննարկումները, սովորաբար, սկսվում են տրամաբանական փաստարկներից։ Նման մոտեցումն իմաստ ունի իր մեջ, սակայն սովորաբար մարդկային էակները այդպես չեն գործում։ Մարդիկ կյանքը ընկալում են իրենց շուրջ գոյություն ունեցող աշխարհի շնորհիվ։ Աստծո գոյության ապացույցները առկա են մարդային առօրյա փարձառություններում (Հռոմեացիս 1․19–20, Սաղմոս 19․1, Ժողովող 3․11)։ Դա ներառում է բարոյականության մեր ներքին զգացողությունը, ինչպես նաև վերաբերում է մեզ շրջապատող աշխարհի ակնառու կառուցվածքին։ Մարդկային կյանքը ստիպում է մեզ հավատալ, որ ճշմարտությունը, խաբեությունը, սերը, ատելությունը, բարիքը, չարիքը և նման զգացողությունները իրական են և իմաստալի։ Պատմության ընթացքում մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է եղել հավատալու ֆիզիկականից այն կողմ գոյություն ունեցող իրականությանը։
Այս փորձառություններն, անշուշտ, բավարար չեն վերջնական եզրահանգումների համար։ Այդ պատճառով Աստված համընդհանուր հրավեր է անում յուրաքանչյուրին (Հայտնություն 3․20)։ Այս ընդհանուր փորձառությունները նպատակ են հետապնդում մեզ մղելու հետագա հարցերի պատասխանները որոնելուն (Մատթեոս 7․7–8)։ Այն մարդիկ, ովքեր կանտեսեն կամ կարհամարհեն այդ հրավերը, ոչ մի արդարացում չեն ունենալու իրենց անտարբերության համար (Հռոմեացիս 1․18, Սաղմոս 14․1)։
Արդյոք Աստված գոյոթյուն ունի՞․ մարդկային տրամաբանություն
Աստծո գոյության երեք ամենազորավոր տրամաբանական պնդումները տիեզերագիտական, նպատակաբանական և բարոյագիտական փաստարկներն են։
Տիեզերագիտական փաստարկները հաշվի են առնում պատճառահետևանքային սկզբունքը։ Յուրաքանչյուր երևույթ հետևանք է որևէ պատճառի, և յուրաքանչյուր պատճառ ծնվել է դրան նախորդող պատճառից։ Տրամաբանությունը պահանջում է հավիտենական մի բանի, այլ ոչ թե հետևանքի կամ մեկ այլ բանի գոյությունը։ Տրամաբանությունը մեր հայացքն ուղղում է դեպի Աստված՝ ամեն բանի անստեղծ ու հավիտենական Հեղինակին, Ով մեր իրականության Առաջին Պատճառն է։
Նպատակաբանական փաստարկը քննում է տիեզերքի կառուցվածքը։ Ամենամեծ գալակտիկաների մասշտաբները, մեր արեգակնային համակարգը, մեր ԴՆԹ-ն, ենթաատոմային տարրերը․․․ այս ամենը վկայություն են տալիս իմաստալի կառուցվածքի մասին։ Եվ այս փաստարկն այնքան զորեղ է, որ անգամ արմատացած աթեիստները մշտապես մտորումների մեջ են, որպեսզի բացատրություն գտնեն նման կառուցվածքներից բխող հարցերին։
Ենթաատոմային տարրերի կամ ուժերի ոչ մի համադրություն չի բացատրում դրանց ներկա կառուցվածքը։ Սակայն եթե դրանք հենց այնպիսին չլինեին, ինչպիսին կան, ավելի բարդ կառուցվածքները և կյանքը, պարզապես, գոյություն չէին ունենա։ Տասնյակ համընդհանուր հաստատուններ գործում են աներևակայելի ճշգրտությամբ, որի արդյունքում հնարավոր է դառնում կյանքն ու մեզ շրջապատող իրականության գոյությունը։ Գիտությունը երբեք չի դիտարկել կամ բացատրել կյանքի առաջացումն անկենդան տարրերից, թեև ընդունում է բարդ օրգանիզմների հանկարծակի ծագումը։ Ավելին, երբ հնագետները քարանձավի պատի վրա հայտնաբերեն Ես այստեղ եմ գրառումը, միասնաբար կհամաձայնեն, որ դա բանական գործողության արդյունք է։ Մինչ մարդկային ԴՆԹ-ն կոդավորված կառուցվածք է, որն ավելի կատարյալ է, քան լավագույն ինժեներների ստեղծած որևէ կոդ։ Այս փաստարկի ծանրակշիռ տրամաբանությունը մեզ մղում է բանական Հեղինակի՝ Աստծո գոյության գաղափարին, որպես նման փաստերի միակ հնարավոր բացատրություն։
Բարոյագիտական փաստարկները հաշվի են առնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բարին և չարը, էթիկան և այլն։ Հատկանշական է, որ այս թեմայի շուրջ քննարկումներն ավելի շատ կենտրոնանում են «ինչպես պետք է լինի» և ոչ միայն «ինչպես է» հարցերի վրա։ Բարոյական սկզբունքները բավականին հեռու են այն եսակենտրոն ու դաժան տրամաբանությունից, որը բխում է պատահականության սկզբունքով ծնված կյանքի ամեն գնով գոյատևելու սկզբունքից։ Բացի դա պետք է հատուկ նշել նաև այն փաստը, որ մարդկային բարոյականության հիմնարար բովանդակությունը տարբեր մշակույթներում և պատմության տարբեր ժամանակաշրջաններում նույնական է։
Արդյոք Աստված գոյություն ունի՞․ մարդկային գիտություն
Վերը բերված տրամաբանական փաստարկները ծնվել են դիտարկումներից։ Այնպիսի հասկացություններ, որոնցից է Մեծ պայթյունի տեսությունը, խոսում են առնվազն այն մասին, որ տիեզերքն արարված է և հավիտենական չէ։ Նույնը կարող ենք ասել ԴՆԹ-ի կառուցվածքի մասին։
Հնագիտությունը նույնպես հաստատում է աստվածաշնչյան տեսակետը։ Աստվածաշնչում նկարագրված մարդիկ, իրադարձություններն ու տեղանքները կրկին ու կրկին հաստատվում են աշխարհիկ գիտության նորանոր հայտնագործությունների արդյունքում։ Դրանցից շատերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ որոշ քննադատներ նման փաստերին տվել են հորինվածքներ որակավորումը։
Պատմությունն ու գրականությունն իրենց հերթին նույնպես խոսում են Աստծո գոյության մասին։ Աստվածաշնչից մինչ մեր օրերը պահպանման փաստը ասվածի օրինակներից մեկն է։ Առկա տեքստի ճշգրտությունը տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության հարցում այն դարձնում է առավել քան վստահելի։
Արդյոք Աստված գոյություն ունի՞․ Աստված՝ մեր մեջ
Վերը բերված բաժիններից յուրաքանչյուրը ուսումնասիրության մի ամբողջական ոլորտ է և հազարավոր գրքեր կարող են գրվել դրանց վերաբերյալ։ Սակայն բազմաթիվ մարդկանց համար Աստծո գոյությունն ամենավառ կերպով դրսևորվում է անձնական փորձառության մեջ։ Օրինակ` կարող է անհնարին լինել մյուսներին «ապացուցելը», որ Դուք երջանիկ եք, սակայն դա չի փոխում Ձեր երջանիկ լինելու փաստը։ Փոխակերպված կյանքերը, բարեփոխված մոտեցումները և աղոթքներին տրված պատասխանները կազմավորում են մեր անհատական համոզվածությունն Աստծո գոյության հարցում։
Ճշմարտության անհատական զգացողությունը Աստծո գոյության ամենահամոզիչ փաստարկներից է, և Աստված կամենում է, որ յուրաքանչյուր մարդ ունենա այդ զգացողությունը։ Աստված անձամբ աշխարհ եկավ մարդկային էակի տեսքով (Բ Կորնթացիս 4․6), որպեսզի մենք անձնական հարաբերություն ունենանք Նրա հետ (Հովհաննես 14․6)։ Նրանք, ովքեր անկեղծորեն փնտրում են Աստծուն, կգտնեն Նրան (Մատթեոս 7․7–8), ինչի արդյունքում կընդունեն Սուրբ Հոգու ներբնակության ներկայության շնորհը (Հովհաննես 14․26–27)։
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը