Ապրել Աստծո խաղաղության մեջ
Կինս երեսունչորս տարեկան էր, երբ նրան ախտորոշեցին քաղցկեղ։ Մենք ցնցված էինք այդ նորությունից։ Նոր էինք տեղափոխվել Նյու Յորք, որպեսզի ես կարողանայի սկսել փողոցային խմբավորումների ծառայությունը։ Քայլելով փողոցներով ու քարոզելով ավազակախմբերին ու թմրամոլներին՝ ես պայքարում էի արցունքների ցավի և վախի դեմ։ Բայց Աստված չէր դադարում ինձ մխիթարել. «Դեյվի՛դ, ես հավատարիմ եմ։ Ես չեմ թողնի քեզ կամ քո մտերիմներին»։
Աստված ինձ հետ էր բոլոր սարսափելի փորձությունների մեջ, ինչպես նաև՝ քաղցկեղի։
Տերը չի ուզում, որ մեր հաղթանակը միանգամից լինի։ Նրա նպատակն է, որ մենք, դուրս գալով ճգնաժամից, կարողանանք ասել. «Փա՜ռք Աստծուն։ Ես պահեցի իմ հավատքն այս ամենի մեջ»։
Հաղթական Իսրայելը, Կարմիր ծովով անցնելով, ուրիշ փորձություններ էլ ուներ։
Աստծո խաղաղության մեջ գտնվելն ապրելակերպ է։ Նա ցանկանում է, որ բոլոր փորձությունների մեջ մենք պահպանենք Իր խաղաղությունը՝ իմանալով, որ մեր Քահանայապետը գիտի մեր թուլության մասին։ Ինձ սխալ չհասկանաք. խոսքը կատարյալ հանգստության՝ նիրվանայի մասին չէ։ New Age-ի շատ ուսուցիչներ պնդում են, որ ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը սրտում ամրապնդվելն է և սերը սպանելը։ Այլ խոսքերով, եթե պարզապես դադարեք հոգ տանել ուրիշների մասին, այլևս չեք տառապի։ Այս կերպ դուք կյանքի աղետների դեմ միայնակ կմնաք։ Աստված չի փառավորվի, եթե Իր ծառաները «համրանան»։ Դրանում չէ Նրա խաղաղությունը։ Խոսքը նրա մասին է, որ սովորենք վստահել Նրա հավատարմությանը, խոստումներին։
Որպես չորս երեխաների հայր և որպես պապիկ՝ կարող եմ ազնվորեն ասել, որ չի եղել դեպք, որ ես կանգնեմ ու նայեմ իմ երեխաների ցավին՝ նրանց հետ միասին չտառապելով։ Ես անում եմ ամենը, ինչ կարողանում եմ, որ նրանք առողջ և ազատ լինեն։ Որքա՜ն ավելի մեր Երկնավոր Հայրն է սիրում մեզ։ Նա մեզ հետ է մեր փորձութունների մեջ՝ ցանկանալով բուժել մեր ցավը։
«Արդ՝ եթե դուք չար լինելով՝ գիտեք բարի պարգևներ տալ ձեր զավակներին, որքա՞ն ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են Իրենից»: Մատթեոս 7.11
Աղբյուրը՝ bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը