ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՐՈՒՍԸ
Մեր քթի տակ շատ ավելի վտանգավոր վիրուսներ կան, քան կորոնավիրուսը։ Եթե վերոնշյալը մարմինն է սպանում, ապա աներևույթ վիրուսներ կան, որ հոգին են սպանում, խիղճն են սպանում, մեր ներսի մարդկային տեսակն են սպանում։
Իսկ ո՞վ է դրանց մասին խոսելու, ո՞վ է դրանց դեմ պայքարելու, ո՞վ է դրանցից բուժում առաջարկելու։
Ինձ համար նախանձն ու թշնամանքը, բամբասանքն ու բանսարկությունը, ատելությունն ու անեծքախառը խոսքերը, ուրիշի վրա կեղտ բռնելու մոլուցքը, չար աչքն ու մեղքի զվարճանքն ավելի վտանգավոր են, քան որևէ կորոնավիրուս։
Բուժո՞ւմը... Աստվածաշունչն ասում է այդ մասին։ Առանց Քրիստոսի և Նրա Հոգու մարդը չի կարող ազատվել իր գիշատչական բնազդներից, քայքայիչ վիրուսներից, այնպիսի մտքերից, որոնք քայքայում են մարդու ներաշխարհը, ապականում մթնոլորտը, վարակում ուրիշներին։
Այս օրերին առավել ջանադրությամբ քննե՛նք մեզ և աղոթե՛նք, որ Աստված Իր մեծ ողորմությամբ մեզ ազատի մեր ներսում բնադրած հոգևոր, բայց քայքայիչ վիրուսներից։
Տիրոջ երկյուղը լավագույն անտիվիրուսն է, որը չեզոքացնում և ոչնչացնում է ներսից և դրսից մեզ վրա հարձակվող վիրուսներից։ Հետևաբար՝ դուրս փսխենք մեզանից ամեն թշնամանքն ու մաղձը և աղոթքով, խոկումով ու խոնարհությամբ անցկացնենք մեր օրերն այս երկրի վրա։
Վազգեն Զոհրաբյան