Մեր կյանքում ցանկացած բան փոխվում է. ոչինչ նույնը չի մնում: Ամեն բան շարժման մեջ է, և ժամանակը կարծես տանում է իր հետ և՛ հաճելին, և՛ տհաճը: Շատ բաներ գալիս ու մեկը մյուսին փոխարինելով անցնում են... Ժամանակի ընթացքում անգամ ինքներս նույնը չենք մնում, մենք փոխվում ենք դեպի լավը, աճում և հասունանում ենք շատ հարցերում կամ գուցե և տեղի է ունենում հակառակը:

Յուրաքանչյուր ոք նոր բաների կարիք ունի՝ նոր հագուստ, նոր սնունդ, նոր հեռախոս, նոր մեքենա և այլն...մարդը անգամ նոր հոգեվիճակի, նոր մթնոլորտի կարիք է ունենում, քանի որ անընդհատ նույնը ձանձրացնում և հոգնեցնում է նրան:

Մեր ունեցածից եթե որևէ բան հնանում կամ արդեն անպիտան է դառնում օգտագործման համար, մենք անմիջապես մտածում ենք այն փոխելու մասին, նորը ձեռք բերելու մասին: Մենք գիտակցում ենք, որ ինչ-որ բան այնպես չէ, և դա փոփոխման կարիք ունի: Դա կարող է նյութական էլ չլինել, հնարավոր է՝ դա վերաբերի մեր բնավորությանը, մեր կեցվածքին և այսպես շարունակ...մի նոր բան, որը շատ ավելի լավը կլինի, քան՝ նախկինը:

Երբ Աստված նայեց մարդու հոգուն, տեսավ, որ այն ինչ-որ փոփոխության կարիք ունի, տեսավ, որ այն հնացել է, մաշվել և ապականվել մեղքի պատճառով: Նա տեսավ, որ մարդու հոգին նոր և արտասովոր մի բանի կարիք ունի, առանց որի կյանքի համար այլևս պիտանի չի լինի ու կգնա դեպի կորուստ:

«Առաջինները մի հիշեք և հին բաները մի մտաբերեք: Ահա Ես նոր բան եմ անում...» /Եսայիա 43.18-19/։

Մեր կյանքում որևէ նոր բան ձեռք բերելու համար, գուցե այդքան էլ մեծ գին չի պահանջվում, բայց Աստծուց քո հոգուն նոր կյանք տալու համար շատ մեծ գին պահանջվեց՝  Նրա Որդու թանկ արյունը, որը թափվեց, որպեսզի փոխի քո կյանքը, քանի որ հոգին թաթախված էր մեղքի մեջ և գնում էր կորստյան: Այն չի կարող մտնել հավիտենական կյանք, եթե չմաքրվի Հիսուսի արյունով: Նա մահացավ, որ դու կյանք ունենաս, նոր կյանք...Նա ամեն բան նոր արեց քեզ համար: Սակայն Նրա մահով չէ, որ այդ նորը կատարվում է քո կյանքում, այլ այն հաղթական հարությամբ, որը փոխեց ողջ մարդկության պատմությունը: Հիսուսը հարություն առավ, որ նոր շունչ տա քեզ, նոր կյանք, նոր հոգի,նոր հաղթանակ մեղքի հանդեպ:

«Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ Նրան մեռելներից, կապրես» /Հռոմ. 10.9/։

Նրա հարությունը ջախջախեց կորուստը, քո փոխարեն Նա արդեն հաղթել է, նա թողել է քո մեղքերը գերեզմանում: Մնում է՝ թույլ տաս Հիսուսին, որ քո կյանքը նոր անի, նորը դարձնի Իր հարությամբ՝ առանց մեղքի և առանց դատապարտության: Չէ՞ որ Նա կրեց այդ չարչարանքը, որ դու նոր կյանք ունենաս...

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.