Աղոթել Աստծո Խոսքով
-Տե՛ր, ես ուզում եմ նոր մեքենա, բարձր վարձատրվող աշխատանք, ամուր առողջություն, ապահով ապագա և…
Մեզանից շատերը ահա այսպիսի ցուցակներով են մոտենում աղոթքին, մենք հատուկ գծված ռազմավարություններ ունենք, որոնցով Աստծուն առատաձեռնորեն աջակցում ենք՝ կատարելու մեր ցանկությունները և լեցնելու մեր կյանքը: Կենտրոնանալով այդ հսկա ցուցակի վրա, որի ամեն տողը սկսվում է «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ» բառակապակցությամբ` մենք սկսում ենք դադարել կենտրոնանալ մեր աղոթքի իրական նպատակի՝ Աստծո վրա:
Իհարկե՛, սխալ չէ աղոթել սեփական կարիքների համար, բայց մեզանից շատերը սկսում են Աստծուն մոտենալ որպես կախարդական փայտիկի իրենց խնդիրների լուծման համար և ոչ թե որպես ամենակարող և ամենազորեղ Մեկի, Ով Աստված է: Մենք երբեմն ծավալում ենք մենախոսություն, երբ իրականում աղոթքը երկխոսություն է մեր և իմաստուն Աստծո միջև, Ով ցանկանում է աղոթքի ընթացքում Իրեն բացահայտել մեզ:
Աղոթքը որպես վերափոխում. Աղոթքը մեր կամքի հավասարեցումն է, նույնականացումն է Աստծո կամքին: Երբ մենք Հիսուսի պատվիրած աղոթքն ենք անում (Մաթ. 6.9-13), տեսնում ենք, որ այդ աղոթքը մեր մասին չէ, մեր կամքի կամ մեր արքայության մասին չէ: Այն Աստծո, Նրա կամքի և Նրա արքայության մասին է: Մեր հսկայական ցանկության ցուցակները հետ են մղել այդ ամենը, մենք կորցրել ենք մեր աղոթքի իրական կենտրոնացումը: Հասկանալով աղոթքի այս արմատական վերափոխումը՝ մենք ազատ ենք մեծարելու Աստծուն և գովաբանելու Նրան Իր հատկությունների համար: Աղոթքը սուբյեկտիվ զգացողություների դաշտ չէ: Կլինեն ժամանակներ, երբ մենք կզգանք Աստծո ներկայությունը, և կլինեն դեպքեր, երբ՝ ոչ: Կարևորը, որ շարունակաբար լինենք աղոթքի կյանքի մեջ: Սա իր մեջ ներառում է և՜ Աստծո հետ զրույց, և՜ Նրա կամքի մեջ հանձնվել: Բայց ինչպե՞ս ենք մենք անում դա:
Աղոթք սուրբգրային խոսքերով. Մեր երկար ցուցակների թակարդը չընկնելու և դրանից խուսափելու համար կարող ենք աղոթել սուրբգրային խոսքերով: Իհարկե', սա չի նշանակում, որ մենք պետք է կիրառենք երկար հատվածներ, այլ փոքրիկ համարներ կամ արտահայտություններ: Այն, ինչ կարդում ենք, կարող է դառնալ աղոթքի հրավեր և խորհելու առիթ: Աստծո Խոսքի մասին խորհելը կլցնի մեր միտքը բացահայտ ճշմարտությամբ, և մեր սրտերը կսկսեն գործել Աստծո համար: Մենք չպետք է ճնշենք մեր անձերն այս անելու: Մենք անձնական հանդիպում ենք ունենում մեր անձնական Աստծո հետ: Սուրբ Հոգին կսկսի խոսել մեզ հետ այդ Խոսքերով:
Մեր պատասխանն աղոթքի մեջ. Աղոթքը Սուրբ Խոսքի միջոցով գուցե մեզ թվա խիստ պրակտիկա, որը նորից ու նորից նույն պատասխանը պետք է ստանա: Բայց դա այդպես չէ, քանզի Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր ու ամեն մի երկսայրի սրից ավելի կտրուկ (Եբր. 4.12), այն մեր կյանքի տարբեր իրավիճակներում կգործի տարբեր ձևերով: Խոսքը նույնն է, Բայց Սուրբ Հոգին այն մեզ կբացահայտի ավելի նոր ու խորը կերպով, քանզի մենք էլ Աստծո հետ քայլելու մեջ ավելի ենք առաջացել:
Օրինակ՝ երբ աղոթքի մեջ հիշենք Սաղմոս 51.1 խոսքերը, որն ասում է. «Ողորմի՜ր ինձ, ո՜վ Աստված Քո գթասրտության համեմատ, Քո առատ գորովագթությամբ ջնջի՜ր իմ հանցանքները», Հոգին կսկսի ցույց տալ մեր մեղքերը, գուցե մեր հպարտությունը և եսասիրությունը, թաքնված բաներ, որոնք հայտնի են մեզ, Սուրբ Հոգին կսկսի ցույց տալ դրանք և ապա գործել ու մաքրել: Իսկ երբ հուսահատության կամ ընկճվածության մեջ լինենք, Սուրբ Հոգին կհիշեցնի սուրբգրային այն հատվածները, որոնք կխրախուսեն քեզ, ցույց կտան Աստծո սերն ու ողորմությունը, կմխիթարեն քեզ ու դուրս կհանեն այդ վիճակից և կառաջնորդեն Աստծուն գովաբանելու և փառավորելու Իր սիրո, հավատարմության և մեր մեղքերը ներելու համար:
Ամբողջ կյանքը նվեր է և շնորհ՝ մատնանշելով Աստծուն, և աղոթքը նույնպես բացառություն չէ: Այնպես որ եկե'ք մի կողմ թողնենք մեր երկար ցանկությունների ցուցակները և սկսենք աղոթել Խոսքով, այո՜, բերելով մեր կարիքները (որը Նա հորդորեց մեզ անել), բայց նաև բերելով մեր խոստովանությունը, մեր գոհությունն ու շնորհակալությունը, մեր ուրախությունն ու երկրպագությունը, բայց առավել բերելով մեր լռությունը, որպեսզի լսենք Աստծո ձայնը, երբ Նա կխոսի մեզ հետ, քանզի Նա խոսում է, Նա պատասխանում է:
Հեղինակ՝ Կեն Բոա
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աննա Հովհաննիսյանը