5 եղանակ, որոնցով Աստված գործում է ձեր միջոցով
Ահա 5 եղանակ, որոնցով, անգամ առանց ձեր գիտության, Աստված գործում է ձեր միջոցով։
Միմյանց սիրելով
Հովհաննես 13.34,35 խոսքերում Հիսուսն ասում է, թե ինչպես պետք է ճանաչենք Իր աշակերտներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք միմյանց սիրեք. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ նույնպես միմյանց սիրեք։ Սրանով բոլոր մարդիկ պիտի իմանան, թե դուք Իմ աշակերտներն եք, եթե դուք իրար համար սեր ունենաք»։
Նրանք մեզ չեն ճանաչի մեր գործերով, ծառայություններով, զոհաբերություններով, հիանալի կիրակնօրյա դպրոցով. մենք կճանաչվենք որպես Հիսուսի աշակերտներ, եթե իրար հանդեպ սեր ունենանք։
Ուրիշներին օգնելով
Կան այնպիսի եղանակներ, որոնցով Աստված գործում է մեր կամ այլ հավատացյալների միջոցով, բայց մենք չենք էլ կռահում դա։ Օրինակ, մի անգամ իսկապես անհրաժեշտ էր անվադողեր գնել, սակայն հնարավորություն չունեի։ Հանկարծ ներս է մտնում ընկերս, ով ինձ բոլորից լավ էր ճանաչում, և առաջարկում է իր օգնությունը։ Ինձ իսկապես անհանգստացնում էր այդ հարցը, և ես, ոչ ոքից օգնություն չխնդրելով, ուղղակի աղոթել էի Աստծուն։ Աստված այդ կերպով պատասխանել էր իմ աղոթքին։ Այս դեպքում Աստված գործեց իմ ընկերոջ միջոցով։ Նա հաճախ է գործածում մեզ, որպեսզի օգնի մարդկանց։
Միմյանց համար աղոթելով
Ես շատ քրիստոնյաների գիտեմ, ովքեր իրենց աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրելիս, սեփական անձն ամենավերջում են դնում։ Նրանք հիանալի օրինակ են ցույց տալիս, որ ուրիշների կարիքներն ավելի բարձր ու կարևոր են սեփական կարիքներից։ Դա շատ նման է Քրիստոսի օրինակին, հետևաբար, եթե աղոթում եք ձեր ընկերոջ, գործընկերոջ կամ ընտանիքի անդամի համար, ապա Աստված հրաշալի կերպով գործում է ձեր և մյուսների կյանքում։ Դա տեղի է ունենում միայն մեր միջնորդ և բարեխոս Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մի մտածեք, որ աղոթքները «շատ են»։ Ասեք դա Եղիային։
Ընկեր լինելով
Ի՞նչ է նշանակում ընկեր լինել։ Բոլորիս էլ պետք է ունենալ այնպիսի ընկերներ, որոնց կարող ենք վստահել և դիմել ցանկացած պահի։ Սակայն նույնքան կարևոր է, որ մենք ևս լինենք այդպիսի ընկեր։ Եթե դուք ընկերներ չունեք, ապա գտեք նրանց և եղեք լավ ընկեր նրանց համար։ «Բարեկամ ունեցողը բարեկամական պետք է լինի, և բարեկամ կա, որ եղբորից ավելի մոտ է կանգնում»։
Եղի՛ր այն քույրը կամ եղբայրը, ով, նույնիսկ, հարազատ քրոջից և եղբորից ավելի մոտ կլինի։ Չէ՞ որ մենք նույն Հայրն ունենք։
Ուրիշներին չդատելով
Ես կարծում եմ, որ մենք լավ չենք անում, երբ սկսում ենք դատել ուրիշներին, որովհետև այն, ինչ մենք ունենում ենք մեր աչքի առաջ, միշտ չէ, որ ճիշտ է։ Ժամանակի հետ ես սովորել եմ արդարացնել մարդկանց կասկածների մեջ։ «Ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (1 Կորնթացիներին 13.7)։
Սա ճիշտ է, քանի որ կար ժամանակ, երբ ես խնդիրներ էի ունենում, որովհետև ինչ-որ բանի մեջ վատն էի փնտրում, իսկ արդյունքը հակառակն էր լինում։ Աստված կարող է գործել մեր միջոցով՝ մեղավորներին ընկեր դարձնելով, ինչպես Հիսուսն էր։ Լույս եղի՛ր, Քրիստոսի համար։ Դա կարևոր է նաև եկեղեցում։ Մենք միայն մեկ դատավոր ունենք, և մենք Նա չենք։
Աստված կարող է մեր միջոցով հրաշալի բաներ անել՝ սիրել ուրիշներին, օգնել ուրիշներին, աղոթել ուրիշների համար, ընկերություն անել ուրիշների հետ, չդատել ուրիշներին։ Ուշադրություն դարձրեք թեմային. այստեղ խոսքն ոչ թե մեր մասին է, այլ՝ «ուրիշների»։ Դա ինձ դուր է գալիս։
Հեղինակ՝ Ջեք Վելմեն
Աղբյուրը՝ faithinthenews.com
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը