• Այսօր շատերն են հավատում աչքի ուլունքին:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքի ուլունքը, խաղալի՞ք, զա՞րդ, թե՞ թալիսման, որ իբրև թե պիտի պահի մեզ «չար աչքից»: Պատահական չէ, որ այն տարածված է հատկապես մուսուլմանների մեջ և կոչվում է նաև «սատանայի աչք»: Ինչպե՞ս կարող է «սատանայի աչքը» պահել մեզ հենց նույն չար աչքից: Մարդիկ աչքի ուլունք են փակցնում իրենց տներում, իրենց մեքենաների մեջ, իրենց նորածին բալիկների վրա՝ չհասկանալով, որ դրանով իրենց ու իրենց երեխաների վրայից հեռացնում են Աստծո օրհնությունները:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ է՝

«Եթե Տերը չպահի տունը, զուր են պահապանները» (Սաղմոս 127:1)

  • Շատերն իրենց դռներից կախում են ձիու նալ:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում ձիու նալը: Մարդու ձեռքով պատրաստված երկաթե իր, որ ունակ է ժանգոտվելու, քայքայվելու, կոտրվելու ու վնասվելու:
    Այդ դեպքում մի իր, որ ինքն իրեն չի կարող պահել, ինչպե՞ս կարող է զորություն ունենալ ինձ և քեզ համար, ինչպե՞ս կարող է օրհնություն բերել:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՍ է՝

«Ատում եմ նրանց, որ կուռքեր են պաշտում: Բայց ես Տիրոջն եմ հուսացած» (Սաղմոս 31:6):
«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում և Տերն է նրա հույսը» (Երեմիա 17:7):

  • Տանը կամ մեքենայի մեջ փուշ են դնում:
    Փուշն Աստվածաշնչում համարվում է անեծքի խորհրդանիշ: Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված ասաց. «Թող երկիրը փուշ և տատասկ բուսցնի»: Իսկ մենք՝ քրիստոնյա հայերս, անեծքի խորհրդանիշը բերում ենք մեր տուն ու պահում՝ հուսալով, թե այն մեզ համար օրհնության պիտի վերածվի:
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՆԵԾՔԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԼԻՆԵԼ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է՝

«Տերը ես եմ, ես եմ, և Ինձանից բացի ուրիշ Փրկիչ չկա» (Եսայի 43:11):

  • Շատ երիտասարդներ ու պատանիներ իրենց օրը սկսում են աստղագուշակությամբ:
    Ցավալի է, երբ մեր էլեկտրոնային ու տպագիր մամուլը ողողված է աստղագուշակություններով, որոնք երբեմն որպես խաղ, երբեմն որպես զվարճալի զբաղմունք, հրամցվում են մեզ իբրև ճշմարտություն և իրականություն: Եթե աշխարհի 7,3 մլրդ բնակչությունը բաժանենք 12 աստղակերպերի մեջ, կստացվի, որ աստղերը միևնույն բանն են հուշում ավելի քան 600 միլիոն մարդու՝ առանց հաշվի առնելու նրանց տարիքը, սեռը, երկիրը, աշխատանքը… Ու մարդիկ հավատում են այդ ամենին, ըստ դրա կառուցում իրենց օրն ու զբաղմունքները:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԻ ՃԻՇՏ ԸՆԹԱ՞ՑՔ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ է՝

«Քանզի ձեզ համար ծրագիրս գիտեմ, ասում է Տերը, ծրագիր՝ բարօրության և ոչ չարիքի, ձեզ ապագա և հույս տալու» (Երեմիա 29:11):
Աստված միակն է, որ կարող է պատասխանել ապագայի վերաբերյալ քո հարցերին: Հարցրո՛ւ արարիչ Աստծուն, ոչ թե ստեղծված և անշունչ աստղերին…

  • Այսօր որքա՜ն շատ են գուշակներին դիմողները:
    Ցավալի է քրիստոնյա երկրում տեսնել, թե ինչպես է գովազդվում գուշակությունն ու կախարդությունը, ցավալի է տեսնել, թե ինչպես բազում պատանիներ ու երիտասարդներ, հավատալով կեղծիքին ու ստին, գնում են գուշակների մոտ, խնդրում գուշակել իրենց ապագան, ցավալի է, երբ կախարդությունն արդեն գովազդվում է հեռուստացույցով ու մատուցվում հանրությանը որպես ժամանց:
    «Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող և հմայող կամ հավահարց, նաև կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելահարցուկ: Որովհետև բոլոր այս բաներն անողը Աստծո առաջ գարշելի է…» (Բ Օրինաց 18:10-12):
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԻՄԱՆԱԼ ԱՊԱԳԱ՞Ն: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է՝

«…Ապագայ բաներն ինձնից հարցրեք… Ես եմ շինել երկիրը և մարդուն նրա վրա ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը…» (Եսայի 45:11-12):

Ուզո՞ւմ ես վայելել Աստծո սերն ու ապրել մեղքի գերությունից ազատ, ուզո՞ւմ ես վերականգնել ընտանեկան խաղաղությունն ու անդորրը, ուզո՞ւմ ես լինել Նրա՝ ամենակարող Աստծո պահպանության և օրհնության ներքո. քեզ պետք է պարզապես ընդունել Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Փրկիչ: Աստվածաշունչն ասում է. «Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կապրես» (Հռոմեացիս 10:9):

Եթե ուզում ես փոխել կյանքիդ ընթացքը, աղոթիր Աստծուն.

«Սիրելի՛ Աստված, ես հավատում եմ, որ Քո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, խաչվեց իմ մեղքերի փոխարեն: Ես հասկանում եմ, որ մինչ օրս ապրել եմ Քեզնից հեռու, բայց այսօր ուզում եմ փոխել կյանքիս ընթացքը… Հիսո՛ւս, ներիր իմ մեղքերը, ներիր ինձ՝ մեղավորիս, ու արի իմ կյանքի մեջ: Նաև ներիր, որ այսքա՜ն ժամանակ Քեզ թողած՝ ապավինել եմ այլ բաների: Շնորհակալ եմ, որ Քո կյանքը տվել ես իմ փոխարեն, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքս: Օգնիր, որ կարողանամ հավատարիմ զավակ լինել քեզ ամեն ժամանակ: Ամեն»:

Ամեն օր Աստվածաշունչ կարդա, աղոթիր, մասնակցիր ուղղադավան եկեղեցու ծառայություններին: Վստահի՛ր Աստծուն. Աստված օրհնելու է քեզ ու քո տունը…

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.