Միայն մեկ վայր կա, որտեղ քեզ ոչ ոք չի դատի
Մարդն ինքն իրենով լի է տարբեր տեսակի դատողություններով: Նա միշտ ծանր ու թեթև է անում, առաջարկվող տարբերակներից փորձում ընտրել լավագույնն իր համար:
Երբեմն էլ տարաբնույթ դատողություններ թափվում են իր գլխին: Թվում է՝ ոչ մի տեղ հանգիստ չկա, ոչ մի տեղ չկա այնքան սեր, որ կարողանա իր մեջ խորտակել «մեղքերի» ու «սխալների» այդչափ մեծ կույտը: Անգամ մարդու սիրտն ի վիճակի չի լինում ամեն անգամ ներել, հանդուրժել ու սիրել ինքն իրեն «անհաջողություններից» ու «ձախողումներից» հետո:
Այո՛, մենք չենք կարող մեր անձը հետ պահել դատելուց, անգամ՝ ինքներս մեզ դատելուց: Բայց Աստվածաշնչում տեսնում ենք, որ կա Մեկը, Ով ճշմարիտ ասում է. «Եթե մեկն իմ խոսքերը լսի և չհավատա, Ես չեմ դատում նրան, որովհետև Ես չեկա, որ աշխարհը դատեմ, այլ, որ փրկեմ աշխարհը» (Հովհաննես 12.47):
Կա՞ արդյոք սիրո ավելի խորը դրսևորում, քան սա է: Այո՛, Աստծո Խոսքը տրվել է մեզ սրբության մեջ պահելու, կարիքի դեպքում նաև ուղղելու և հանդիմանելու համար թե՛ մեր սեփական խղճի, թե՛ Սուրբ Գրքի, թե՛ մյուս հավատակիցների միջոցով, բայց Հիսուսը մեր ողջ երկրային կյանքի ընթացքում խոստանում է չդատել, մխիթարել, սեր ու գթություն ցույց տալ մեզ: Աշխարհից ու ինքներս մեզնից փախչելու փոխարեն կարելի է ժամանակ տրամադրել, ամեն բան թողնել, մտնել ներքին սենյակ և աղոթելով փնտրել աստվածային ներկայությունը: Սա շատ լավ վայր է հանգստությունը վերագտնելու, բեռները թոթափելու և ուժերը վերականգնելու համար: Պետք է միշտ հիշել այս հասցեն, որտեղ քեզ ոչ ոք չի դատի:
Լիլիթ Հարությունյան