Ես կծիծաղեմ աշխարհի վրա…
Ես կծիծաղեմ աշխարհի վրա:
Իսկ ինչպե՞ս կարող եմ ծիծաղել, երբ իմ դիմաց կանգնած լինի մեկը կամ մի արարքի ականատես լինեմ, որ վիրավորում է այն աստիճան, որ ինձ ստիպում է լաց լինել կամ հայհոյել: Ես ինքս ինձ կսովորեցնեմ ասել միայն երեք բառ, մինչև որ այդ երեք բառը դառնան այնքան արմատացած սովորություն, որ միանգամից մտքիս գան, երբ հումորը սպառնա լքել ինձ:
Այս բառերը, որ դարերի խորքից են ինձ հասել, ինձ կուղղորդեն ամեն տեսակի դժբախտությունից և կօգնեն պահպանել հավասարակշռությունն իմ կյանքում: Այդ երեք բառերն են` «Սա նույնպես կանցնի»:
Ես կծիծաղեմ աշխարհի վրա:
Եվ իրո՜ք. այն ամենը, ինչ աշխարհիկ է, անցնելու է:
Երբ իմ սիրտը փշուր-փշուր եղած լինի, ես ինքս ինձ կմխիթարեմ` ասելով, որ ամեն ինչ կանցնի:
Երբ ես հպարտանամ իմ հաջողությամբ, ինքս ինձ կզգուշացնեմ, որ սա նույնպես կանցնի:
Երբ ես շնչահեղձ լինեմ աղքատությունից, ես կասեմ ինքս ինձ, որ սա նույնպես կանցնի:
Երբ հարստությունը ինձ համար բեռ դառնա, ես ինքս ինձ կասեմ, որ սա նույնպես կանցնի:
Եվ իսկապե՜ս, որտե՞ղ է հիմա նա, ով կառուցել է բուրգերը: Մի՞թե հիմա նա թաղված չէ այդ քարերի տակ: Իսկ մի՞թե բուրգերը մեկ օր նույնպես ավազի տակ չեն թաղվելու: Եթե ամեն բան անցնելու է, հեռանալու, ապա ի՞նչ պետք է ինձ ծանրաբեռնեմ` մտածելով այսօրվա մասին:
Ես կծիծաղեմ աշխարհի վրա:
Ես այս օրը կներկեմ ծիծաղով, իսկ գիշերը կպարուրեմ երգով:
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից
Սուսաննա Մելքոնյան