Կողակցի ճիշտ ընտրություն
Եթե պետք է շատ ուշադիր լինես քո ընկերների ընտրության հարցում, ապա այդ զգոնությունն ու ուշադրությունն էլ ավելի են մեծանում կյանքի կեսի ընտրության հարցում: Եվ, այո՛, անշուշտ դու ընտրություն ես կատարում: Այո՛, Աստված առաջնորդում է, ուղղորդում և ուղեցույցներ է փոխանցում քեզ: Բայց ի վերջո քո կողակցի ընտրության հարցում վերջնական որոշումը քոնն է:
Այնուամենայնիվ շատերը հավատում են այն առասպելին, որ իրենց համար կա միայն մեկ «ճիշտ մարդ»:
Դա իրոք ռոմանտիկ է, բայց ճիշտ չէ: Դա աստվածաշնչյան չէ և նույնիսկ տրամաբանական չէ: Եթե աշխարհում յուրաքանչյուր մարդու համար լիներ միայն մեկ «ճիշտ մարդ», ապա սխալ որոշում կայացնող ինչ-որ մեկը կկոտրեր նախապես կազմված այդ ճշգրիտ շղթան:
Միանշանակ կան մարդիկ, որոնց կողքին Աստված քեզ չէր ցանկանա տեսնել: Բայց բնականաբար կլինեն մի քանի այլ տարբերակներ, որոնք կհամապատասխանեն Նրա կամքին քո կյանքի համար: Եվ այդ պարագայում ընտրություն կատարողը դու ես:
Կա ևս մեկ առասպել, որին շատ մարդիկ հավատում են՝ ամուսնանալու համար միայն սերը բավական հիմք է:
Ես հաճախ եմ զրուցում այն մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Եվ երբեմն ես նայում եմ նրանց ու մտածում՝ «անհնար է»: Ընտանեկան հիմքերը, հոգևոր հասակը կամ անհատականությունները չեն համապատասխանում: Նրանք չունեն համաչափ էներգիա կամ նպատակասլացություն: Նրանք նույնիսկ չունեն միևնույն արժեքներն ու նպատակները: Բայց նրանք «սիրում են միմյանց»:
Աստված կարող է քեզ չասել, թե ում հետ ամուսնանաս: Բայց Նա քեզ կտա սկզբունքներ, որոնք քեզ կօգնեն իմաստուն որոշում կայացնել:
Ապավինի՛ր Աստծո առաջնորդությանը՝ իմաստուն որոշում կայացնելու համար:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com