ՄԱՏԻՏԸ…
Փոքրիկը նայում է, թե տատիկն ինչպես է նամակ գրում ու հարցնում է.
- Դու գրում ես, թե մեզ հետ ինչ էր պատահե՞լ: Իսկ կարո՞ղ է իմ մասին ես գրում:
Տատիկը դադարում է գրելուց, ժպտում թոռնիկին ու ասում.
- Կռահեցի՛ր, քո մասին եմ գրում: Բայց ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ գրում եմ, այլ այն, թե ինչով եմ գրում: Կցանկանայի, որ դու, երբ մեծանաս, այս մատիտի նման լինես:
Փոքրիկը հետաքրքրությամբ մատիտին է նայում, բայց առանձնահատուկ ոչինչ չի նկատում:
- Սա ճիշտ այնպիսին է, ինչ բոլոր այն մատիտները, որ տեսել եմ:
- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես իրերին նայում: Այս մատիտն օժտված է հինգ հատկություններով, որոնք քեզ անհրաժեշտ են, եթե ցանկանում ես ամբողջ աշխարհի հետ հաշտ ապրել:
Առաջինը՝ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չպետք է մոռանաս Ուղղորդող ձեռքի գոյության մասին: Այդ ձեռքն անվանում ենք Աստված, և մենք պետք է միշտ Նրա կամքին վստահենք:
Երկրորդ՝ ժամանակ առ ժամանակ հարկ է լինում մատիտը սրել, որ գրի: Այդ գործողությունը նրա համար մի քիչ ցավոտ է, բայց փոխարենը դրանից հետո ավելի նուրբ է գրում: Հետևաբար, ցավին կարողացիր դիմանալ՝ հիշելով, որ այն վսեմացնում է քեզ:
Երրորդ՝ եթե մատիտ ես օգտագործում, միշտ կարող ես ռետինով ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշի՛ր, որ ինքն իրեն ուղղելը միշտ չէ, որ վատ է: Դա հաճախ ճիշտ ճանապարհին մնալու միակ միջոցն է:
Չորրորդ՝ մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից պատրաստված է, և ո՛չ ձևը, այլ նրա ներսի գրաֆիտը: Այդ պատճառով միշտ մտածիր, թե ինչ է կատարվում քո ներսում:
Եվ վերջապես հինգերորդ՝ մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Նույն ձևով էլ դու ես քո հետևից հետք թողնում քո արարքներով, և այդ պատճառով լավ կշռադատիր յուրաքանչյուր քայլդ:
Հ.Գ. Սիրելինե՛ր, որպես բարեպաշտ քրիստոնյաներ՝ թո՛ղ մեր գործերն էլ իրենց հետքը թողնեն, որ մարդիկ տեսնեն դրանք ու փառավորեն Աստծուն, ինչպես գրված է.«…որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթեոս 5.16):