Խոսել երկնքի՞, թե՞ երկրի լեզվով...
Հնարավոր է երկարատև և երջանիկ կյանք ունենալ, միայն եթե ապրեք այդպես ամեն օր: Մարգարետ Բոնանո
Սերը չի փոխում անցյալը. այն փոխում է ապագան: Գերի Չեպմեն
Աստված կազատի ձեզ անցյալի ձախողումներից` գրելով ձեր ապագայի պատմությունը: Աստծո թագավորության մեջ երեկվա ցավը չի խոչընդոտում վաղվա ներուժին: Ամեն օր Նրա ողորմությունները նորոգվում են, և Նրա խոստումներն սպասում են ձեզ: Նա ցանկանում ու փափագում է անհնարինը հնարավոր դարձնել ձեզ համար: Ջոն և Լիզա Բիվերներ
Գիտե՞ք, թե երբ եք հասկանում, որ դուք իրոք ընկալում եք Աստծո Խոսքը: Երբ որ այն կատարում եք ձեր կյանքում: Ջոյս Մայեր
Հաղորդակցությունը նման է կամրջի, որը կապում է երկու մարդկանց և հնարավոր է դարձնում ազատ մուտքը դեպի դիմացինի սիրտը և միտքը... Բառերն անհավատալի զորություն ունեն... զորություն` խոցելու կամ բժշկելու, կործանելու կամ շինություն տալու: Մենք պետք է վերահսկենք ինքներս մեզ, որպեսզի օգտագործենք կառուցող, զորացնող, խրախուսող և բժշկող բառեր: Ջիմմի Էվանս
Ամեն իրավիճակում, որին մենք բախվում ենք, պետք է ընտրենք` խոսել երկնքի՞, թե՞ երկրի լեզվով: Երկուսն էլ ակնհայտ իրականություն են արտաբերում: Երկինքը խոսում է համաձայն ճշմարտության վերին աղբյուրի. «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նույնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։ Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55.8-11):
Աստծո լեզվով խոսելու համար մենք պետք է իմանանք Նրա Խոսքը: Աստծո Խոսքը կվերափոխի մեր տեսիլքն այնպես, որ մենք կտեսնենք անտեսանելին և կխոսենք այն, ինչ դեռ պետք է լինի: Այն կվերափոխի մեր խոսքը հավատքի լեզվի, որը շատ ավելին է, քան դրական բառապաշարը կամ զգացմունքային լավատեսությունը: Այն հաստատ հավատք կառաջացնի Աստծո բոլոր խոստումների հանդեպ:
Ահա՛ մի քանի օրինակ այն մասին, թե որքանով են տարբերվում երկնքի և երկրի լեզուները.
- Մեր երկիրն ասում է. «Ամուսնալուծություն»: Երկինքն ասում է. «Միություն»:
- Մեր երկիրն ասում է.«Իրավիճակն անհույս է»: Երկինքն ասում է.«Ամեն բան հնարավոր է»:
- Մեր երկիրն ասում է. «Մերժվածություն»: Երկինքն ասում է. «Ընդունելություն»:
- Մեր երկիրն ասում է.«Դու պարտք ես ինձ»: Երկինքն ասում է.«Ես ձրիաբար տալիս եմ»:
- Մեր երկիրն ասում է.«Վրեժ»: Երկինքն ասում է.«Ներում»:
- Մեր երկիրն ասում է.«Ես չեմ լինի քո ստրուկը»: Երկինքն ասում է.«Ես կլինեմ քո ծառան»:
- Մեր երկիրն ասում է.«Ես ատում եմ քո թուլությունը»: Երկինքն ասում է.«Ես տեսնում եմ քո ներուժը, և իմ սերը ծածկում է քո թուլությունը»:
- Մեր երկիրն ասում է.«Դու չես հոգում իմ կարիքները»: Երկինքն ասում է.«Ես ցանկանում եմ հոգալ քո կարիքները»:
Այս արտահայտություններն ինքնին ոգեշնչող են, բայց դրանք տևական և ազդեցիկ կլինեն, եթե արմատացած լինեն Աստծո Խոսքի խորը ճշմարտության մեջ: Ջոն և Լիզա Բիվերներ
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը