Ներման մասին...
Ներել նշանակում է ազատ արձակել բանտարկյալին և հայտնաբերել, որ այդ բանտարկյալը դուք էիք: Լյուիս Բ. Սմիդս
Հաճախ մենք ներողամտորեն ենք վերաբերվում մեր ձախողումներին և արդարացնում ենք դրանք` ակնկալելով նույն վերաբերմունքն այլ մարդկանցից: Այնուամենայնիվ, մեզ համար դժվար է ներել այլ մարդկանց հանցանքները, հատկապես` մեր կնոջ կամ ամուսնու: Բայց յուրաքանչյուրը, ով չի կարողանում ներել, մոռացել է, թե ինչ է ներվել իրեն: Մեզնից շատերն ինքնաարդարացման մտածելակերպ են ձեռք բերել` մոռանալով, որ բոլորս արժանի էինք հավիտենությունը դժոխքում անցկացնելուն: Մեր հանցանքն Աստծո դեմ այնքա~ն ծանր էր, որ Նա հարկադրված էր զոհաբերել Իր միակ Որդուն` դրա հետևանքները չեղյալ դարձնելու համար: Քրիստոսը խաչից ազդարարեց Իր ներումը, թեև այդ պահին դառնությամբ լցվելը շատ ավելի հեշտ էր: Նա ներեց մեզ, մինչև որ մեր գործերն արժանի կլինեին Նրա ներմանը, և մենք պետք է նույն կերպով վերաբերվենք մարդկանց: Անհրաժեշտ է գիտակցել այն կարևոր դերը, որը ներման խոսքերը կարող են կատարել` ազատ արձակելով մարդկանց, որպեսզի նրանք թողնեն իրենց առաջվա մեղքերը և մեղքի զգացումը, և իրենց ուշադրությունն ուղղեն հարություն առած Քրիստոսի հետ ապրելու ուրախությանը` Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Գ. Լ. Բորխերտն
Ներումն աստվածային գործ է: Ոչ մի առաքելություն չի պահանջում այնքան մեծ անձնազոհություն, որքան ներումը: Ներելով մենք գիտակցաբար որոշում ենք խոցելի լինել` սեփական իրավունքները պաշտպանելու փոխարեն: Բայց զոհելով մեր անձը` մենք ընկնում ենք Աստծո գիրկը: Ընտրելով ներումը` հրաժարվում ենք երկրպագել մեր զգացմունքներին, և փոխարենը` հնազանդվում ենք Աստծո ճշմարտությանը: Երբ մենք ապաշխարհությամբ գալիս ենք Աստծո առջև, Նա չի ասում մեզ. «Ես Աստված եմ և գիտեմ, որ երկու շաբաթ անց դու կրկին կանես սա»: Նա պարզապես ասում է. «Ես ներում եմ քեզ» և առաջարկում է Իր զորությունը փոխվելու համար: Աստված չի ասում մեզ, որ ապագայում ձախողվելու ենք: Նա հռչակում է Իր հույսը և խոստումներն ամեն մի պայքարի համար: Եկե՜ք միմյանց հետ վարվենք նույն կերպով:
Լինել քրիստոնյա նշանակում է ներել աններելին, որովհետև Աստված ներել է այն աններելին, որը քո մեջ էր: Սա դժվար է: Միգուցե դժվար չէ ներել մեկ վիրավորանքը. բայց ներել առօրյայում անդադար կրկնվող սադրանքները... շարունակ ներել իշխող սկեսրոջը, կռվարար ամուսնուն, անդադար բողոքող կնոջը, եսասեր դստերը, ստախոս որդուն. ինչպե՞ս մենք կարող ենք անել սա: Կարծում եմ` միայն հիշելով, թե ինչ դիրքերում ենք մենք և իսկապես հավատալով այն խոսքերին, որոնք աղոթում ենք ամեն երեկո. «Ների՜ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում նրանց, ովքեր մեղանչել են մեր դեմ»: Չկա այլ պայման, որով կարող ենք ներում ստանալ: Սա մերժելը նշանակում է մերժել Աստծո ողորմությունը մեր հանդեպ: Այս խոսքում նույնիսկ բացառության ակնարկ չկա. Աստված նկատի ունի ճիշտ այն, ինչ ասում է: Կ. Ս. Լյուիս
Աստծո ներումն անսահմա~ն է: Եթե դուք դժվարանում եք ներել ձեր կողակցին, որոշ ժամանակ հատկացրեք և ետ նայեք ձեր կյանքին: Արդյո՞ք վիրավորանք եք պատճառել Տիրոջը ձեր մտքում, ձեր խոսքերով և գործերով: Երբ հիշեք ձեր մեղքի խորությունըև մտորեք այն տանջալի ցավերի շուրջ, որոնք Հիսուսը կրեց, որպեսզի վճարեր դրա համար, Սուրբ Հոգին կմեղմացնի ձեր սիրտը և շնորհ կտա ներելու համար:
Հավաքեց Սուսաննա Մելքոնյանը