Նոր ախտահանող միջո՞ց…
-Ամանորյա եռուզեռն էր... Ուզում էի բոլորի նման մաքրություն անել, սրբել, հարդարվել ու կարծես վերջացրել էի, և հանկարծ...այնպիսի սև հետք հայտնվեց հագուստիս... Տոներն էին, ու ես պիտի աղտոտված զգեստո՞վ այն անցկացնեի...
Օ՜, ո՛չ... Ա՜խ, ինձ հիմա հարկավոր է ախտահանող միջոց, մի բան, որ կմաքրի հագուստս այնպես, որ հետքն էլ չմնա... Ախտահանող միջո՞ց... ի՞նչ օգտագործեմ, ի՞նչ...Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ թափիչ կարող է վերացնել կեղտն առանց անգամ հետքի…Արիե՞լ խորհուրդ կտաս, թե՞ Թայդ, իսկ գուցե ուրի՞շ ախտահանող միջոց…
Իսկ ի՞նչ կասես մեղքի սև հետքի մասին մարդկային կյանքի վրա: Ի՞նչը կարող է այն հեռացնել, ո՞ր թափիչը…
-Կա մի այդպիսի թափիչ: Ուզո՞ւմ ես անթերի սպիտակ լինեն հանդերձներդ, ուրեմն՝ գործածիր այդ թափիչը… Այն այնպես կսպիտակեցնի, որ երկրի վրա ոչ մի թափիչ չի կարող այդպես սպիտակեցնել… Զուր չէ սաղմոսերգուն ասում՝ «Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ» (Սաղմոս 51.7): Կասկածու՞մ ես այս թափիչի զորության վրա: Դե' լսիր՝ ի՞նչ է քեզ ասում թափիչի Տերը. «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»(Եսայա 1.18): Քեզ դու՞ր եկավ թափիչը:
Կարծում եմ՝ հասկացար, որ այս թափիչը շատ թանկարժեք է և չի վաճառվում, այն տրվում է ձրիաբար և լիարժեք մաքրում է մարդկային բոլոր մեղքերն առանց հետքի: Շատ փնտրտուքներ պետք չէ... Կարմիր է այն, որդան կարմիրից կարմիր, մեծ քանակություն պետք չէ. կաթիլն անգամ բավարար է ամբողջ սևն անցկացնելու համար... ու հեռու էլ պետք չէ գնալ այն ձեռք բերելու համար... պետք է ընդամենը խնդրել ու վերցնել...
-Օ՜, այն որքան թանկարժեք է, բայց կարիք չկար, որ ես վճարեի, միայն պետք է՝ թույլ տայի, որ իմ տեղը վճարեր Նա, Ով ուներ միջոցն ախտահանելու...
-Այս թափիչի մասին Աստվածաշունչը խոսում է Մարկոս ավետարանում՝«Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել» (9.2):
Մեկ այլ հատվածում տեսնում ենք, որ Տիրոջ դեսպանը հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս (Մաղաքիա 3.2): Աստվածաշնչում ևս երկու տեղ կարելի է հանդիպել թափիչի մասին, այս դեպքերում տեսնում ենք թափիչի ագարակը: Թափիչի ագարակը գտնվում էր Երուսաղեմին մոտ արևմտյան մասում՝ վերին ավազանի մոտ: Այս դաշտում սովորաբար թավալ էին տալիս մահուդը, լվանում և մաքրում դրանք ավազանում և կախում արևի տակ չորանալու: Այս դաշտում էր գտնվում Աքազ թագավորը, երբ նրան հանդիպեց Եսայա մարգարեն Աստծուց հայտնությունով: «Եւ Տէրն ասեց Եսայիային. Գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին Սէար-յասուբը՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, թափիչի ագարակի ճանապարհի վերայ» (Եսայա 7.3): Ահա և երկրորդ հատվածը. «Եւ Ասորեստանի թագաւորն Տարաթանին, Ռաբսարիսին եւ Ռաբսակին Լաքիսից շատ զօրքով Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ. Եւ նորանք վեր գալով եկան Երուսաղէմ եւ այնտեղ հասնելով եկան կանգնեցին թափիչի ագարակի ճանապարհին եղող վերի աւազանի ջրմուղին վերայ» (Դ Թագավորաց 18.17):
Ահա և ամենը աշխարհի ամենա-ամենից ախտահանող թափիչը...
....Եվ ես վերցրի այն դողալով, որ հանկարծ չկորցնեմ, որ հանդերձս հանկարծ ու հանկարծ չմնա կեղտոտ... Այն այնքա՜ն թանկարժեք էր, բայց այնքա՜ն հասանելի... Այո՛, օգտագործեցի այն, և հրա՜շք. զգեստներս ավելի մաքուր էին, անբիծ, անթերի, ավելի փայլուն ու օծված:
Օ՜, Տե՛ր, շնորհակալ եմ արյանդ համար, որ մեկ կաթիլն անգամ ինձ մաքրում է մեղքից ու դարձնում սուրբ: Շնորհակալ եմ կյանք պարգևելու համար: Հիմա պատրաստ եմ ընթրիքիդ, պատրաստ եմ մասնակցել Քո խնջույքին:
Խնդրի՛ր այդ թափիչը, մաքրվիր և ձյունից ավելի սպիտակ դարձիր ու փառաբանիր Աստծուն, ինչպես ձյունն է օրհնում (Սաղմոս 148.8):
Աննա Հովհաննիսյան
Աղբյուրը՝ «Սերմնացան» ամսաթերթ