Աղոթք. Լալա Օսիպովա և Գարեգին Մխիթարյան. երգ և ասմունք
Առջևդ ահա, ծունկի եկած
Աղերսում եմ, ով Տեր Աստված
Արթնացրու ինձ, միտքս բացիր
Ճոխությունդ ողջ հասկանամ
Ավելացրու հավատքս Տեր
Որ իսկապես Քեզ հավատամ
Կասկածները ինձ չխախտեն
Տեսնեմ այնպես, ինչպես որ կաս
Որ շուրթերով չպաշտեմ Քեզ
Որ հենց այնպես`Դու կաս չասեմ,
Որ Քեզ զգամ Տերս այնպես,
Ինչպես կզգաս Ինքդ Դու մեզ:
Ողորմյա ինձ, ով Հզորս
Պաշտամունքս Դու ես միայն
Լրիվ բացիր աչքիս առաջ
Այս աշխարհի դեմքը ունայն
Որ մտքերս չար, անխոհեմ,
Չպղտորեն սիրտս տկար,
Որ տրտմության թմրության մեջ,
Չլինեմ Քեզ անհնազանդ:
Թող փրկության լուրդ բարի,
Հոգուս խորքում ձգի արմատ,
Ու ծառ դառնա, բեռնավորվի,
Պտուղներով իր անարատ:
Տեր, ավելցուր մեջս վախը
Որ դողալով կյանքս անցնեմ
Չթուլանամ դեռ չսկսած
Թեթև քամուց չնահանջեմ
Սիրով լեցուր սիրտս անսեր
Չարիքի դեմ չչարանամ
Այցելիր ինձ, ողորմած Տեր
Որ օրհնությամբ Քո զորանամ
Չար վարմունքս, թե բորբոքե
Արդարացի վրդովմունքդ
Կաղաչեմ Քեզ, որ վերհիշես
Հողից սերված մի ոչինչ եմ
Եվ թե կուզես ինձ շտկել Հայր,
Միայն այնպես շտկիր Տեր իմ,
Լինես սրտումս արմատ ձգած,
Ոչ թե անուն սոսկ շուրթերին:
Մեծապատիվ ու գովելի,
Վսեմաշուք, անպատմելի,
Աստվածային Քո ճոխությամբ,
Միայն Դու ես միշտ պատվելի:
Ուստի համակ հրճվանք դարձած,
Քո մեծ սիրուց ամուր կարչած,
Թույլ ձեռքերս կարկառած վեր,
Ողորմությունդ եմ աղերսում Տեր:
Լվա, սրբիր ու զարդարիր
Անարգանքի անոթն այս պիղծ
Աստվածային Քո ճոխության
Խիստ արժանի վայելչությամբ
Որ երբ հանկարծ, Դու հայտնվես
Այն Մեծ Օրում Քո Գալուստի
Չդողդողամ կանգնած առջևդ
Հպարտությամբ կոչվեմ որդիդ
Գրկես Դու ինձ ա՜խ, երանի
ՈՒ Հայր կոչվես անարժանիս
Առնես գիրկդ, տանես հեռու
Ընդմիշտ Քեզ հետ հավերժությու՜ն