Տերը կիրագործի
Սաղմ. 37.5-ը ասում է. «Տիրոջը հանձնի՛ր ճամփադ ու Նրան վստահի՛ր, եւ Նա կիրագործի այն»:
Այս սաղմոսի մեկ այլ թարգմանությունն այսպես է. «Տիրոջ վրա գլորիր քո հոգսդ եւ Նրան հուսա, որովհետեւ Նա է գործում»:
Այս վերջին թարգմանությունը շեշտը դնում է ներկայի վրա, ասելով, որ Նա հիմա, անմիջապես է գործում, եթե մենք իսկապես մեր հոգսը, ինչ էլ որ այն լինի Նրա վրա ենք գլորել, լինի ֆիզիկական հոգս, թե հոգեկան, նյութական, թե մեր սիրելիների դարձի գալու հոգսը: Լսում է եւ գործում է: Բայց ե՞րբ: Հիմա՛:
Մեր այս վստահությունն է, որ պիտի թույլ տա Աստծո Հոգուն, որ հանձն առնի կատարել այն, ինչը որ մենք գլորել ենք Իր վրա:
Եկեք մեր ձեռքերը հետ քաշենք մեր խնդիրներից եւ վայելենք այն սքանչելի վստահությունը, թե Նա հիմա գործի վրա է եւ արդյունքը մեր ակնկալածից շա՛տ ավելի լավը պիտի լինի:
Մեկը կասի. «Ես ոչ մի բան չեմ տեսնում»: Հոգ չէ: Նա գործում է: Գործում է, քանի որ դու Նրան ես հանձնել: Դու միայն Նրա՛ն նայիր եւ Դավիթի հետ ասա. «Բարձրյալ Աստծուն պիտի աղաղակեմ, ինձ համար գործող Աստծուն» Սաղմ. 57.2:
«Վտակներ անապատի մեջ» գրքից