Սերն ու բաժանումը․․․
Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը և նայում էին սիրային զույգին։ Բաժանումն ասում է.
– Ես վստահ եմ, որ կարող եմ բաժանել նրանց։
– Թույլ տուր ես մի քայլ կատարեմ, իսկ հետո դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Հետո արդեն պարզ կդառնա, թե ով էր իրավացի,- պատասխանում է Սերը։
Սերը մոտենում է զույգին, հպվում նրանց, տեսնում երիտասարդների աչքերում փայլող սիրո կայծը եւ ասում.
– Իսկ հիմա քո հերթն է։
– Այժմ ես ոչինչ չեմ կարող անել։ Ես նրանց ավելի ուշ կմոտենամ,- ասում է Բաժանումը։
Որոշ ժամանակ անց Բաժանումը, հուսալով, որ զույգի սերը մարել է, ցանկանում է մտնել նրանց տուն, բայց զույգի հայացքում տեսնելով Երախտագիտության զգացումը՝ մտածում է. «Ավելի ուշ կգամ»։
Տարիներ անց, երբ զույգն արդեն երեխաներ էր ունեցել, Բաժանումը այցելում է նրանց։ Բայց տեսնելով նրանց աչքերի Հարգանքն ու Փոխըմբռնումը, նորից մտածում է. «Ավելի ուշ կգամ»։
Կրկին ժամանակ է անցնում, և Բաժանումը կրկին հանդիպում է այս ընտանիքին, որտեղ երեխաներն արդեն մեծացել ու հասունացել էին։ Նայելով նրանց աչքերին և նկատելով փոխադարձ Վստահությունը՝ ասում է. «Ավելի ուշ կգամ» եւ հեռանում։
Տարիներ են անցնում և արդեն ընտանիքում թոռնիկներն են վազվզում ու խաղում։ Բաժանումը գալիս ու տեսնում է ծեր մի կնոջ եւ մտածում է. «Վերջապես եկավ իմ ժամանակը»։ Հենց որ Բաժանումը ցանկանում էր նայել կնոջ աչքերին, վերջինս վեր է կենում ու գնում ամուսնու գերեզմանին։
«Հավանաբար, ուշացել եմ»,- մտածում է Բաժանումը,- ժամանակը իմ փոխարեն արել է իմ գործը։ Եվ Բաժանումը նայում է կնոջ լացակումած աչքերին ու տեսնում Հիշողություն՝ Սիրո, Երախտագիտության, Հարգանքի և Վստահության հիշողություն։
Հ․Գ․ Զուր չէ Աստվածաշունչն էլ փաստում․«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ․․․» (Ա Կորնթացիս 13․4-8)։