Աստվածաշունչը երկրագնդի ամենահին գրքերից մեկն է: Այն Աստվածաշունչը, որը դրված է մեր սեղանին, այսպիսի տեսք ստանալու համար երկար ճանապարհ է անցել: Ոմանց թվում է, թե այս գիրքը երկու կազմի մեջ դրված, երկնքից՝ երկիր է իջել, բայց այդպես չէ:

Այն գրվել է քառասուն մարդկանց կողմից, 1600 տարվա ընթացքում, որոնք ապրել են պատմական տարբեր ժամանակաշրջանում: Հին Կտակարանի գրքերը հավաքվել են որպես մեկ ընդհանրություն Եզրասի կողմից (մոտավորապես մ.թ.ա. 450 թ.), իսկ Նոր Կտակարանը ավելի ուշ՝ 4-րդ դարի վերջերին:

Չնայած այստեղ էլ տարաձայնություններ են եղել Արևմտյան և Արևելյան եկեղեցիների միջև, հատկապես Հայտնության գրքի և առաքյալների գրչին պատկանող որոշ նամակների վերաբերյալ: Սա մոտավոր պատկերն է Աստվածաշնչի գրքերի վերաբերյալ, իսկ հիմա խոսենք գրքերը գլուխների և խոսքերի բաժանելու մասին:

Գրքերը գլուխների և խոսքերի սկսել են բաժանել բացարձակ հարմարավետությունից ելնելով: Ճիշտ է, բաժանման ժամանակ նկատի են ունեցել տեքստում տեղ գտած մտքերի առաձնահատկությունները, սակայն ոչ միշտ են կարողացել ճշգրիտ կերպով պահպանել այն: Հաճախ ընդհանուր մտքի մի մասը գտնվում է որևէ գլխի վերջում և այն շարունակվում է հաջորդ գլխի սկզբնամասում: Այս փաստը հարմարավետության փոխարեն, շփոթության է մատենել ընթերցողին, որը չգիտես ինչու՞ մտքերը բաժանում է գլուխների համաձայն:

Աստվածաշնչի մասը կազմող գրքերը պետք է կարդալ որպես մեկ ընդհանրություն, որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ է ուզում ասել հեղինակը և ինչպիսի՞ ուղերձ է թաքնված տվյալ տեքստի մեջ: Եթե փորձենք ժամանակագրական առումով ներկայացնել, ապա գրքերը գլուխների բաժանելու առաջին փորձերը կատարել են շատ ավելի վաղ՝ հրեա մասնագետները, բայց դրանք հաջողություն չեն ունեցել և չեն կարողացել մտնել եկեղեցու պաշտամունքային կանոնակարգի մեջ:

Սուրբ Գրքի ժամանակակից տեսքը՝ ըստ բաժանված գլուխների սկիզբ է առել 13-րդ դարի առաջին կեսերին: Ոմանք դա վերագրում են արքեպիսկոպոս Ստեփան Լենգտոնին (1205 թ.) որը մշակել է Աստվածաշնչյան գլուխների բաժանման համակարգը, իսկ այն ավարտին է հասցրել՝ կարդինալ Հուգ-դե-Սեն-Շիրը (1240 թ.): Գլուխների բաժանման այս համակարգը օգտագործել են, թե՛ լատինական Վուլգատայի, թե՛ հունարեն և եբրայերեն տեքստերի նկատմամբ:

Եթե խոսենք խոսքերի բաժանման մասին, ապա դա տեղի է ունեցել ռեֆորմացիայից հետո և հեղինակը համարվում է Սանթես Պանինոն (1540 թ.), իսկ քիչ ավելի ուշ 1555թ.-ին Ռոբերտ Ստեֆանը, որը փարիզյան տպարանի աշխատող էր, այս գործը ավարտին է հասցրել:

1560 թվականին լույս է տեսել գլուխների և խոսքերի բաժանված առաջին Աստվածաշունչը անգլերեն լեզվով:

Բաժանումը կատարվել է միայն մեկ նպատակով՝ հարմարավետության, որպեսզի հեշտ լինի այս կամ այն խոսքը գտնելը, մեջբերում և հղում կատարելը: Եվ այդ կատարված բաժանումը ոչ միշտ է համապատասխանում տեքստի ընդհանուր մտքին, բայց որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև մոտ հինգ հարյուր տարի է անցել այդ օրերից և այդ հիմքի վրա հազարավոր մեկնաբանություններ ու բազմաթիվ աշխատություններ են գրված, որը հնարավոր չէ փոխել: Սա որպես պատմական ակնարկ, բայց ամբողջ բարդությունը դրանում է, որ այդ օրերից սկսած քրիստոնեական եկեղեցին ավելի ու ավելի շատ սկսվեց պառակտվել և այդ պառակտումը շարունակվում է անգամ մեր օրերում:

Հարմարավետությունը սկսեց աշխատել ընդդեմ եկեղեցու, որովհետև ավելի հեշտ դարձավ որևէ խոսք համատեքստից դուրս բերել և դրա վրա ամբողջ մի ուղղություն կառուցելը: Երբ խոսքը չենք կարդում կոնտեքստի մեջ և անդամահատում ենք տեքստից, մոլորությունն անխուսափելի է:

Փորձեք որևէ հարց քննարկել Աստվածաշնչյան հիմքի վրա, անպայման գտնվում են մարդիկ, որոնք առանց խղճի խայթի պոկում են Աստծու խոսքը բուն մտքից և դնում սեղանին ասելով. «Այ տեսեք այս գլխի, այս խոսքում այդպես է գրված»: Չեն կարդում ո՛չ նախորդող, ո՛չ հաջորդող խոսքերը, և երբեմն դա անում են գիտակցաբար, որովհետև կհակասի իրենց մարդահնար տեսությանը:

Սիրելի՛ հավատացյալներ, կարդացեք Աստվածաշունչը՝ մտովի ջնջելով գլուխներն ու խոսքի թվային համարները: Այն օգտագործեք միայն այն նպատակով, ինչ նպատակով, որ դա արվել է: Հավատացե՛ք, դրանից ձեր հավատքը չի տուժի, այլ հոգևորապես ավելի առողջ կլինեք:

Մարատ Զաքարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.