Մեր հավատամքը
Նիկիական Հանգանակ, 325 թ.,
Գրաբար
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։
Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։
Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։
Աշխարհաբար
Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին։
Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած։ Նույն ինքը՝ Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու անևերույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով։ Որով՝ ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին։ Նրա թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղին և կատարյալին, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով։ Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքին։