Կոշիկները՝ Աստվածաշնչում
Հին ժողովուրդների մոտ կոշիկն ունեցել է տարբեր ձևեր՝ սկսած սանդալներից, որոնք պաշտպանում էին ոտքերը, վերջացրած ճտքակոշիկներով, որոնք ծածկում էին ոտքերը և ծնկները: Արևելքում հիմնականում կրում էին սանդալներ. դրանք մեծամասամբ պատրասատում էին կաշվից: Հանդիպում էին նաև փայտե սանդալներ, որոնք ոտքի վերևից կապվում էին գոտիներով (Ծննդ. 14.23, Հովհ. 1.27):
Սովորական սանդալը պատրաստվել է ուղտի վզի կաշվից, այն ամրացվել է երկու գոտիներով, որոնցից մեկն անցել է ոտքի մեծ և երկրորդ մատերի միջով, իսկ մյուսը՝ գարշապարով և ոտնաթումբի շրջակայքով: Այստեղից պարզ է դառնում, որ նման կոշիկը շատ հեշտ կարելի էր հանել ոտքից, սակայն այն բացարձակ չի պաշտպանել ոտքերը ցեխից ու փոշուց:
Սանդալները երբեք չեն կրել տանը, քանի որ դա կնշանակեր քաղաքավարության կանոնների խախտում: Յուրաքանչյուր զբոսանքից հետո ոտքեր լվանալն անհրաժեշտություն էր. սրա համար էլ հյուրընկալության առաջին քայլերից մեկը տանտիրոջ կողմից ոտքեր լվանալու համար ջուր տրամադրելն էր (Ծնն. 24.32, Ղուկ. 7.44): Սանդալների գոտիները քանդելը ծառաների գործն էր (Մարկ. 1.7), ինչպես նաև ոտքեր լվանալը (Հովհ. 13.5-14):
Աստվածաշնչից մեզ հայտնի են որոշ դարձվածքներ՝ կապված կոշիկի հետ: Փորձենք անդրադառնալ դրանցից որոշներին: Սուրբ Գրքի որոշ հատվածներից պարզ է դառնում, որ կոշիկներ հանելն, ի նշան մեծարանքի, Արևելքում եղել է հին սովորույթ (Հեսու 5.15): Հետաքրքիր փաստ է, որ Աստվածաշնչում քահանայական արարողակարգերի պահանջների մեջ չի հիշատակվում կոշիկի մասին, ինչի հետևանքով ենթադրվում է, որ տաճարի սպասավորները կատարում էին ծառայությունը բոկոտն, առանց կոշիկի: «Բոբիկ քայլել» արտահայտությունը հնազանդության և խոնարհության իմաստ է ունեցել (Բ Թագ. 15.30` Դավիթը… բոբիկ էր գնում):
Այստեղից էլ գալիս է Սաղմոս 59-ում (10) ասված խոսքը՝ դեպի Եդովմ պիտի ուղղեմ երթն իմ: «Կուղղեմ երթն իմ» նշանակում է պարտվող երկրի լիակատար հնազանդություն հաղթողին: «Թշնամու կամ երկրի վրա հարձակվել ոտքով» նշանակում է լիակատար հաղթանակ կամ գրավում. այստեղից էլ առաջացել է «դնել որևէ բան ինչ-որ մեկի ոտքերի տակ» արտահայտությունը (Սաղ. 8.8, Ա Կորնթ. 15.25): Աստված խոստացավ Մովսեսին՝ «Բոլոր վայրերը, որ կկոխեն ձեր ոտքերը, կլինեն ձերը» (Բ Օրին. 11.24, Հեսու 1.3):
«Կոշիկը՝ ոտքերին» արտահայտությունը նշանակում է լինել պատրաստ ճանապարհ ընկնելու. այսպես պետք է հրեաներն ուտեին Զատկի գառը (Ելից 12.11): Պողոսը քաջալերում է քրիստոնյաներին լինել զինված՝ պատրաստ Ավետարանը քարոզելու (Եփես. 6.15):
Մարկ. 6.9-ում տեսնում ենք, որ Հիսուս հորդորում է Իր աշակերտներին կրել հասարակ կոշիկ (հողափաթեր), ինչը նշանակում է՝ Նա արգելում է վերցնել փոխարինող կոշիկ (համեմատ. Ղուկ. 22.35): «Կոշիկ հանել» արտահայտությունը նշանակել է առևտրական համաձայնություն, պայմանագիր և այլն: Ինչ-որ մեկի կողմից կոշիկ հանելը և հանձնելը մեկ այլ անձի նշանակել է իրավունքների և արտոնությունների փոխանցում՝ թողնել սեփական իրավունքները՝ հօգուտ մեկ այլ անձի:
Այսպես՝ Հռութի գրքում տեսնում ենք, երբ Հռութի ամենամոտ բարեկամը չի ցանկանում գնել Նոեմիի արտերը և ամուսնանալ Հռութի հետ, նա իր իրավունքները փոխանցում է Բոոսին՝ ավելի հեռու բարեկամին, և, ի հաստատումն, վկաների առջև հանում է իր կոշիկը և տալիս Բոոսին (Հռութ 4): Այս սովորությունը եղել է հին ժողովուրդների մոտ, օրինակ՝ հնդիկների և հին գերմանացիների:
Աստվածաշնչում հիշատակվում է ևս մեկ հետաքրքիր սովորույթ: Երբ ամուսինը մահանում էր՝ թողնելով կնոջն անզավակ, եղբայրը պետք է ամուսնանար այդ կնոջ հետ: Հրաժարվելու դեպքում նրան սպասվում էր հասարակական խայտառակություն. կինը, ումից նա հրաժարվում էր, ժողովրդի, ծերերի ներկայությամբ հանում էր ամուսնու եղբոր կոշիկը և շպրտում այն նրա երեսին (Բ Օրին. 25.9):
Ի դեպ` աշխարհում ամենահին կոշիկը, որն ավելի քան 5500 տարվա պատմություն ունի, գտնվել է Հայաստանում` Արենի քարանձավում, 2008թ-ի սեպտեմբերին:
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը