Հովհաննես 3.16
Հովհաննես 3.16-ում գրված է. «Որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:
Թո'ւյլ տվեք պատմել մի պատմություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան զորավոր է այս խոսքը։
Մի ցուրտ և մութ երեկո Չիկագո քաղաքում ձնաբուք էր։ Մի փոքրիկ տղա թերթ էր վաճառում փողոցի անկյունում։ Մարդիկ գնացել էին իրենց տները ցրտի պատճառով, իսկ փոքրիկ տղան այնքան էր սառել, որ չէր էլ փորձում շատ թերթեր վաճառել։ Նա մոտեցավ մի ոստիկանի և ասաց. «Պարո՛ն, միգուցե դուք կիմանաք, թե որտե՞ղ կարող է աղքատ տղան տաք վայր գտնել՝ այս գիշեր քնելու համար։ Գիտե՞ք՝ ես քնում եմ մի արկղի մեջ այս փողոցի նրբանցքներից մեկում, բայց հիմա սարսափելի ցուրտ է։ Լավ կլիներ, եթե կարողանայի գիշերել որևէ հարմարավետ վայրում»։
Ոստիկանը նայեց փոքրիկ տղային եւ ասաց. «Ես կասեմ, թե ինչ անես։ Գնա՛ այս փողոցով դեպի այն մեծ սպիտակ տունը և թակի՛ր դուռը։ Երբ հարցնեն՝ ո՞վ է, պարզապես ասա՛ «Հովհաննես 3.16», և քեզ ներս կթողնեն»։
Տղան այդպես էլ վարվեց։ Բարձրացավ աստիճաններով դեպի դուռը, թակեց, և մի կին պատասխանեց ներսից։ Տղան վեր նայեց ու ասաց.
-Հովհաննես 3.16։
-Ներս ե՛կ, -ասաց կինը։
Նա ներս տարավ տղային, նստեցրեց ճոճաթոռի վրա մեծ բուխարու առջև և գնաց։ Տղան մի քիչ նստեց այդտեղ՝ մտածելով. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն տաքացրեց սառած տղային»։
Ավելի ուշ կինը եկավ ու հարցրեց.
-Դու քաղցա՞ծ ես։
-Մի փոքր,-պատասխանեց տղան։ Ես երկու օր է՝ ոչինչ չեմ կերել և կարծում եմ՝ մի փոքր կերակուրը չէր խանգարի։
Կինը խոհանոց տարավ նրան ու նստեցրեց հրաշալի կերակուրներով լի սեղանի առջև։ Տղան այնքան կերավ, որ այլևս չէր կարողանում ուտել։ Նա կրկին մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն կշտացրեց քաղցած տղային»։
Կինը տարավ նրան երկրորդ հարկ՝ լոգասենյակ, որտեղ մեծ լոգարան կար՝ լիքը տաք ջրով։ Տղան նստեց և որոշ ժամանակ մնաց ջրի մեջ։ Ջրի մեջ նստած՝ մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն մաքրեց կեղտոտ տղային»։ Կինը ներս մտավ ու տղային տարավ մի սենյակ, պառկեցրեց հին բմբուլե անկողնու վրա, ծածկեց ու համբուրեց՝ բարի գիշեր մաղթելով ու անջատեց լույսը։ Պառկած մթի մեջ՝ տղան նայեց պատուհանից ու տեսավ ձյունը, որ գալիս էր այդ ցուրտ գիշերը։ Նա մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն հանգստացրեց հոգնած տղային»։
Առավոտյան կինն իջեցրեց նրան ներքև և նստեցրեց նույն կերակուրներով լի մեծ սեղանի մոտ։ Երբ տղան կերավ, վերջացրեց, կինը տարավ ու նստեցրեց նույն հին ճոճաթոռին՝ բուխարու առջև։ Նա վերցրեց Աստվածաշունչը, նստեց և ասաց.
-Դու գիտե՞ս, թե ինչ է «Հովհաննես 3.16»-ը։
-Ո՛չ, տիկի՛ն։ Առաջին անգամ կյանքում ես լսեցի այն անցած գիշեր, երբ փողոցում կանգնած ոստիկանը սովորեցրեց ինձ, թե ինչպես օգտագործեմ այն։
Նա բացեց Հովհաննես 3.16-ն Ավետարանում եւ սկսեց պատմել Հիսուսի մասին։ Հենց այդտեղ՝ բուխարու մոտ, տղան նվիրեց իր սիրտը և կյանքը Հիսուսին։ Նստած ճոճաթոռին՝ նա մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն օգնեց կորած տղային ապահով զգալ իրեն»:
(Հեղինակն անհայտ է)։
Այժմ, եթե դուք պատրաստ եք նվիրել ձեր կյանքն Աստծուն՝ ընդունելով Նրա Որդի Հիսուս Քրիստոսին որպես միակ ընդունելի քավություն ձեր մեղքերի համար, ես կոչ եմ անում աղոթել այս աղոթքն ինձ հետ։ Բարձրաձայն կրկնե՛ք այն և ուշադրություն դարձրե՛ք յուրաքանչյուր բառին, որպեսզի հասկանաք այս աղոթքի իմաստը.
«Հա՛յր Աստված, ես սիրում եմ Քեզ։ Այսօր հավատքով գալիս եմ Քո առջև և խնդրում եմ, որ ներես իմ մեղքերը։ Հիսո՛ւս, ես հավատում եմ Քեզ. ես հավատում եմ, որ Դու մահացար խաչի վրա ինձ համար, որ Դու թափեցիր Քո անմեղ արյունն ինձ համար և որ Դու զբաղեցրիր իմ տեղը և վերցրիր ամբողջ պատիժը, որին ես արժանի էի։ Ես հավատում եմ, որ Դու մահացար և թաղվեցիր և երրորդ օրը հարություն առար մահացածներից։ Մահը չկարողացավ պահել Քեզ։ Դու հաղթեցիր սատանային ու խլեցիր նրանից դժոխքի և մահվան բանալիները։ Ես հավատում եմ, որ արեցիր այդ ամենն ինձ համար, որովհետեև Դու սիրում ես ինձ։ Ես ուզում եմ քրիստոնյա լինել։ Ես ուզում եմ ծառայել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում։ Ես ուզում եմ սովորել, թե ինչպես ապրել այն նոր կյանքը, որը Դու խոստացել ես ինձ։ Հիսո՛ւս, ես ընդունում եմ Քեզ հիմա և նվիրում եմ Քեզ իմ կյանքը։ Վերցրո՛ւ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ և դարձրո՛ւ ինձ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ։
Շնորհակալությո՛ւն, Հիսո՛ւս, ինձ փրկելու համար։ Լցրո՛ւ ինձ Քո Սուրբ Հոգով ու սովորեցրո՛ւ այն, ինչ պետք է իմանամ։ Այժմ ես հավատում եմ, որ փրկված եմ ու վերստին ծնված և որ ես երկինք եմ գնալու, երբ մահանամ։ Հա՛յր Աստված, ես վայելելու եմ իմ ընթացքը և ապրելու եմ Քո փառքի համար»։
Եթե անկեղծորեն կրկնեցիք այս աղոթքը, դուք կայացրիք ամենակարևոր որոշումը ձեր կյանքում։ Անկախ ձեր զգացմունքներից՝ Աստված լսել է ձեր աղոթքը եւ պատասխանել։ Դուք կարող եք զգալ խաղաղություն կամ ուրախություն, թեթևություն կամ ազատություն կամ միգուցե, բոլորովին ոչինչ չզգաք։ Այլևս թույլ մի՛ տվեք, որ ձեր զգացմունքները թելադրեն ձեզ, թե ինչպես ապրեք։ Հավատացե՛ք Աստծո Խոսքին, քանի որ Աստված հավատարիմ է Իր խոստումներին։ Նա ասել է.
«Նրանք, ում Հայրը տալիս (վստահում) է Ինձ, կգան Ինձ մոտ, եւ նրան, ով գա Ինձ մոտ, Ես ոչ մի դեպքում դուրս չեմ անի [Ես երբե՛ք, երբե՛ք չեմ մերժի Ինձ մոտ եկող ներից ոչ մեկին]» (Հովհաննես 6.37):
Աստված խոստացել է լինել ձեզ հետ ընդմիշտ՝ մինչև այս աշխարհի վերջը։ Դուք միշտ չէ, որ կզգաք Նրան, բայց Նա ամենուր է ամեն ժամանակ։ Նրա աչքը մշտապես ձեզ վրա կլինեն, և Նա հոգատարությամբ կպահպանի ձեզ։ Նա մտահոգված է այն ամենով, ինչով մտահոգված եք դուք, և Նա խոստացել է իրականացնել այդ ամենը ձեր կյանքում։ Նա սկսել է բարի գործ ձեզանում և ավարտին կհասցնի այն:
Ջոյս Մայեր, «Նոր կյանք» գրքից:
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը