Եվ Նրա անունը Էմմանուէլ պիտի կոչեն
Եվ Նրա անունը Էմմանուէլ պիտի կոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ է (Մատթ. 1:23): Խաղաղության Իշխան: Ես. 9.6
Մի քանի տարի առաջ դիտեցի Սուրբ Ծնունդին վերաբերող մի ֆիլմ, որի վերնագիրն էր «Եթե Հիսուսը եկած չլիներ»:
Այս խոսքը հիմնված էր Հիսուսի ասածի վրա. «Եթե ես եկած չլինեի»: Ֆիլմը ներկայացնում էր մի քարոզիչի, ով երազում տեսնում է մի աշխարհ, ուր Քրիստոսը երբեք չէր եկել: Իր տանը շրջելով քարոզիչը տեսնում է, որ վառարանի մոտ կախված չէին նվերների հատուկ գուլպաները, դրսում չէին հնչում եկեղեցու զանգակները, չկային Ծնունդի ծաղկեփնջեր եւ չկար ուրախացնող, մխիթարող եւ փրկող Քրիստոսը: Քարոզիչը չտեսավ նաեւ որեւէ եկեղեցի: Տուն վերադարձավ եւ իր գրասենյակը մտնելով տեսավ, որ Հիսուսի մասին գրված բոլոր գրքերը անհետացել են:
Դռան զանգը հնչեց, բացեց եւ տեսավ մի խեղճ տղայի, ով իրենից խնդրում էր այցելել իր մահամերձ մորը: Վեր կացավ եւ լացող տղայի հետ գնաց, եւ երբ խեղճ կնոջն ասաց, որ ուզում է մի քանի մխիթարական խոսքեր կարդալ Սուրբ Գրքից, այնտեղ Նոր Կտակարանը չգտավ: Հուսահատ կախեց գլուխը եւ սկսեց լացել խեղճ կնոջ հետ:
Երազը շարունակվում էր: Երկու օր հետո կնոջ թաղումն էր կատարում, բայց ինքը մխիթարության, փառավոր հարության եւ երկնքի մասին որեւէ խոսք չուներ, այլ միայն ասաց. «Հող էիր ու հող դարձիր»: Սկսեց հեկեկալ: Միանգամից արթնացավ, եւ երբ տեսավ, թե այդ բոլորը միայն երազ էր, սիրտը մեծ ցնծությամբ լցվեց: Իր ուրախությունը շատ ավելի մեծացավ, երբ լսեց իր տան մոտ գտնվող եկեղեցու երգչախմբի ձայնը, որ երգում էր. «Մի վախնար մեղաց որդի, ալ կտրէ քու լաց, մի՛ վախնար վշտաց որդի, տես երկինքը բաց, թող քեզ ալ սարսափ չազդէ, ցուրտ մահուան ստուերն, զի ծնաւ Յիսուս մեր Տէրն»: Ինչպես նաեւ «Պիտի կոչուի խորհրդակից, Հայր յաւիտենական, հզօր Աստուած եւ Տէր երկնից, Խաղաղութեան Իշխան»:
Մենք էլ այս քարոզիչի նման ցնծանք եւ ուրախանանք այսօր, որովհետեւ Նա իսկապես եկել է: Հրեշտակը ասաց. «Մեծ ուրախություն եմ ավետում ձեզ…Որովհետեւ այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Օծյալ Տերն է»:
«Վտակներ անապատի մեջ» գրքից