Եվ Նա, վերցնելով խաչը, բարձրացավ Գողգոթա․․․
Եվ Նա Իր խաչը վերցնելով, բարձրացավ Գողգոթա ասված տեղը:
Հովհ. 19:17
«Փոխված խաչը» վերնագրով ոտանավոր կա, որը նկարագրում է մեկի պատմությունը, որ մտածում էր թե իր խաչը բոլորի խաչից ամենածանրն է, եւ շատ էր ուզում փոխել այն:
Նա երազում տեսավ, որ գտնվում է մի տեղ, ուր տարբեր ձեւերով եւ տարբեր մեծությամբ շատ խաչեր կային: Հանկարծ տեսավ մի փոքրիկ խաչ, որ շատ գեղեցիկ թվաց իրեն: Ոսկով եւ ադամանդներով զարդարված խաչ էր: Ինքն իրեն ասաց.«Ահա այսպիսի խաչ է ուզածս, վստահ եմ, թե շատ հեշտությամբ կկարողանամ կրել այն»:
Այն վերցրեց ուսերին, սակայն մարմինը կքվեց նրա տակ: Ոսկին եւ ադամանդները շատ գեղեցիկ էին, բայց նրանց ծանրությունը տանելը իր ուժերից վեր էր:
Հետո, տեսավ ուրիշ մի խաչ, որ ծածկված էր գեղեցիկ ծաղիկներով եւ վարդերով, մտածեց թե դա էր իր ուզածը, ու երբ իր ուսին վերցրեց այն, ծաղիկների փշերը ծակեցին իր մարմինը: Ու այսպես ուրիշ խաչեր էլ փորձելուց ու գոհ չմնալուց հետո, տեսավ մի խաչ, որի վրա ո՛չ վարդեր կային, ո՛չ ուրիշ զարդեր, այլ մի քանի սիրո խոսքեր: Վերցրեց այն ու փորձեց ու տեսավ, որ մյուս բոլոր խաչերից ամենաթեթեւն էր այն: Եվ երկնային լույսերի մեջ անդրադարձավ, որ դա հենց իր խաչն էր, որ նախապես մերժել էր կրել:
Աստված գիտի մեզանից յուրաքանչյուրին հարմար խաչը եւ դա կրելու մեր կարողությունը: Մենք ուրիշների խաչերին նայելով, երբեք չենք կարող կշռել նրանց ծանրությունը:
Ամենաթեթեւ եւ ամենալավ խաչը մեզ համար Աստծո կողմից պատրաստված խաչն է:Մեր խաչը պետք է կրենք Աստծուց շնորհակալ լինելով եւ ոչ թե տրտնջալով:
Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք