Ես եմ ստեղծել, Ես էլ կարող եմ նորոգել. առակ
Այս դեպքը շատ վաղուց է կատարվել… Հայրը դստեր 18-ամյակի առթիվ նրան ժամացույց է նվիրում: Այն թանկագին ու անօրինակ մի ժամացույց էր, և պատրաստվել էր այդ ժամանակի հայտնի վարպետներից մեկի կողմից:
Անցնում են տարիներ: Այդ աղջիկը մայր է դառնում, հայրը այլևս կենդանի չէր: Բայց նրա հիշատակ նվերը կար՝ ժամացույցը դեռևս շարունակում էր ժամերի իր հաշվարկը: Բայց մեկ օր այն կանգ է առնում… Կնոջը շատ է տխրեցնում դա. չէ՞ որ ժամացույցը հոր մասին հիշատակն էր: Նա տանում է այն ժամագործի մոտ: Բայց մասնագետը ուսերն է թոթվում ու ասում, որ օգնել չի կարող, քանզի դա չի աշխատի այլևս նախկինի պես…
Կինը ժամացույցը ձեռքն է առնում, և հանկարծ աչքը ընկնում է ժամի հակառակ կողմի վրա. այնտեղ ժամացույցը պատրաստող վարպետի անունն էր գրված: Դա նրա վերջին հույսն էր…
Մեծ դժվարությամբ գտնում է ժամագործ վարպետին, ով՝ ի երջանկություն իրեն, դեռևս կենդանի էր: Գալով նրա մոտ՝ կինը առանց մի խոսք ասելու մեկնում է ժամացույցը… Եվ վարպետը ճանաչում է այն: Չէ՞ որ դա իր ձեռքի աշխատանքն էր…
-Եկեք վաղը նույն ժամին,- ասում է նա:
Հաջորդ օրը կինը նշանակված ժամին գալիս է վարպետի մոտ ու հետ ստանում արդեն աշխատող իր ժամացույցը.
– Ինչպե՞ս ձեզ հաջողվեց անել դա: Ինձ ասել էին, որ ժամացույցը հնարավոր չէ սարքել…
– Ես եմ այս ժամացույցը ստեղծել և ես էլ գիտեմ, թե ինչպես նորոգել այն:
Այս կարճ առակի իմաստը պարզ է. անգամ եթե ձեր շուրջն ասում են, որ ոչինչ անել հնարավոր չէ (մեկին հեռացրել են աշխատանքից, մեկն անբուժելի հիվանդ է, մեկի ամուսնությունն է փլուզվում), այդժամ Աստված ասում է. «Ես եմ ամենի Արարիչը և ես գիտեմ, թե ինչպես ուղղեմ ամեն ինչ»:
Մենք այն ժամացույցն ենք, որ գուցե ժամանակի հետ «անսարք ենք դարձել»՝ կյանքի դժվարությունների պատճառով: Բայց մենք ունենք Վարպետ՝ Տերը, Ում ձեռքերում կարող ենք վերագտնել մեր սկզբնական նախասահմանությունը ու կրկին լիարժեք գործել:
Սվետլանա Վախիտովա