Բողոքական վարդապետության հիմնարար կետերը
Բողոքականությունը ոչ թե օտար կամ նոր վարդապետություն էր, այլ հնի բարենորոգումը՝ կոչ՝ վերադառնալու քրիստոնեական հիմնարար սկզբունքներին ու աստվածաշնչյան անաղարտ ակունքներին:
Բողոքականությունը, ընդունելով Նիկեական տիեզերաժողովում առաջ քաշված սկզբունքները, կիսում է Աստծո, Սուրբ Երրորդության, Սուրբ Հոգու, հավիտենական կյանքի, դրախտի և դժոխքի (միաժամանակ հերքելով քավարանի մասին կաթոլիկական պատկերացումը), աստվածային հայտնության համաքրիստոնեական պատկերացումները:
Բողոքականները որպես հավատի հիմք ընդունում են Աստվածաշունչը՝ Աստծո անսխալ գրավոր Խոսքը: Աստվածաշունչ մատյանն ամբողջությամբ ոգեշնչված է Սուրբ Հոգու կողմից և բարձրագույն, վերջնական և անհերքելի հեղինակություն է բոլոր բողոքականների համար: Կարևոր է նշել, որ բողոքական վարդապետությունը չի հակասում Տիեզերաժողովներում ընդունված որոշումներին:
Բողոքականության դավանաբանությունը կարելի է արտահայտել հինգ հանրահայտ դրույթների միջոցով.
1. Sola Scriptura – Միայն Սուրբ Գիրքը.
«Հավատում, սովորեցնում և դավանում ենք, որ միակ և բացարձակ օրենքն ու չափանիշը, համաձայն որի պետք է գնահատվեն բոլոր պնդումներն ու բոլոր ուսուցիչները, Հին և Նոր կտակարանների մարգարեական և առաքելական Գրքերն են»:
Բողոքականությունը որպես հավատի միակ հիմք ընդունում է Աստվածաշունչը: Աստվածաշունչ կարդալը, ուսումնասիրելը և սեփական կյանքում կիրառելը յուրաքանչյուր հավատացյալի կարևորագույն խնդիրն է: Չկա այլ գիրք՝ նրան հավասար: Ամեն գրվածք, աշխատություն, մեզ հասած ամեն ավանդություն պետք է քննվի Աստվածաշնչի լույսի ներքո և որևէ կերպ չհակասի դրան:
«Բայց եթե մենք էլ, կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի» (Գաղատացիս 1.8):
2. Sola fide – Միայն հավատով.
Սա ուսուցում է այն մասին, որ արդարանալ հնարավոր է միայն հավատով՝ անկախ բարի գործեր կատարելուց և ցանկացած արտաքին հոգևոր գործունեությունից: Բողոքոկան վարդապետությունը չի արժեզրկում բարի գործերը, սակայն ժխտում է դրանց նշանակությունը որպես հոգու փրկության աղբյուր կամ պայման: Բարի գործերը հավատի անխուսափելի պտուղն են և պետք է լինեն քրիստոնյայի կյանքում, սակայն առանց հավատքի դրանք մարդուն փրկել չեն կարող:
«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով. Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է» (Եփ. 2.8)։
3. Sola gratia – Միայն շնորհով.
Սա վարդապետություն է այն մասին, որ փրկությունը շնորհ է, այսինքն՝ Աստծո կողմից մարդուն տրված ձրի պարգև: Մարդը չի կարող վաստակել փրկությունը, գնել այն ինչ-որ կերպ: Պարզապես պետք է հավատալ և ընդունել այն որպես պարգև:
«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով. Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է. ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփ. 2.8-9)։
4. Solus Christus – Միայն Քրիստոսը.
Բողոքականության տեսակետից Քրիստոսը միակ միջնորդն է Հայր Աստծո և մարդու միջև, և փրկությունը հնարավոր է միայն առ Քրիստոս ունեցա հավատի միջոցով՝ ապաշխարելով և նրան ընդունելով որպես Տեր ու Փրկիչ:
«Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմ. 2.5):
«Սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին» (Ա Հովհաննես 2.1):
Աստվածաշունչը չի խոսում սրբերի բարեխոսության ու միջնորդության մասին, այլ հակառակը, նշում է, որ մեկ միջնորդ ու բարեխոս կա մարդկության համար, ինչն էլ որպես հիմք է ծառայում բողոքական ուղղության հավատացյալների համար:
5. Soli Deo gloria – Փառքը միայն Աստծունն է.
Սա վարդապետություն է այն մասին, որ մարդ պետք է մեծարի ու երկրպագի միայն Աստծուն, քանի որ փրկությունը շնորհվում է միայն Նրա կամքով: Ոչ ոք իրավունք չունի հավակնելու Աստծուն հավասար փառքի ու մեծարանքի՝ ոչ Հռոմի պապը, ոչ էլ որևէ եկեղեցական ծառայող:
«Որովհետև երեք են, որ [երկնքում վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին. Եվ այս երեքը մի են» (Ա Հովհ. 5.7):