Ավելի զորանալ և տոկալ քամիներին
Ինչպես որ Արծիվն է խառնում իր բույնը, պտտվում է իր ձագերի վրա, տարածում է թեւերը, վեր թռցնում նրանց, տանում նրանց իր թեւերի վրա, այնպես էլ Տերը, Ինքը միայն առաջնորդեց նրան, Նրա հետ օտար աստված չկար: Բ.Օրինաց 32:11,12
Մեր երկնավոր հայրը հաճույքով է տանում իր ձագերը մինչեւ գահավեժ անդունդի եզրը, եւ նույնիսկ նրանց հրում է, որպեսզի նրանք թռչելու արվեստը սովորեն: Ու եթե պատահի, որ նրանք ցած ընկնելու վտանգի մեջ գտնվեն, այդ արծիվի պես անմիջապես իր թեւերը տարածելով նրանց վրա է վերցնում ձագերին:
Ուստի երբ Իր զավակները գտնվում են անելանելի դժվարությունների մեջ, կարող են վստահել Նրան, որ Նա երբեք չի լքելու նրանց, մինչեւ որ նրանք զորանան:
Ասվում է, թե շատ գեղեցիկ մի բույս էր աճում կաղնու ստվերի տակ եւ մեծ գոհունակությամբ վայելում էր նրա հովանին: Մի օր, կացինը ձեռքին մի մարդ եկավ եւ տապալեց այդ ծառը: Գեղեցիկ բույսը ողբաց, ասելով, որ ինքը մնալով անպաշտպան, պիտի դառնա քամիների եւ փոթորիկների խաղալիքը ու պիտի խամրի:
-Ո՛չ, ո՛չ, - ասաց բույսին պահապան հրեշտակը, դու բնավ մի՛ վախեցիր, սրանից հետո ավելի շատ պիտի վայելես արեւը, անձրեւը քեզ ավելի պիտի ոռոգի, հասակդ պիտի աճի, ոստերդ պիտի ուռճանան, եւ անքա՜ն գեղեցիկ ծաղիկներ պիտի ունենաս, որ անցորդները պիտի զարմանան:
Դու էլ, ո՛վ հավատացյալ, չե՞ս տեսնում, որ Աստված չի ուզում, որ Իր զինվորները փետուրե բարձերի վրա մեծանան: Նա երբեմն քեզնից վերցնում է քո հենարանները, որ դու ավելի զորանալով կարողանաս տոկալ քամիներին եւ փոթորիկներին, անցնել ջրերի հոսանքներով եւ գետերով, մագլցել լեռները: Նա իր զինվորներին ցուցադրության համար չի պատրաստում եւ ոչ էլ անցորդների ուշադրությունը գրավելու համար: Նա գիտի, որ զինվորը միայն պատերազմի դաշտում է զինվոր դառնում՝ փամփուշտների տակ եւ կրակների մեջ, եւ ոչ թե խաղաղության ժամանակ եւ հանգիստ պայմանների մեջ: Ս.Հ.Սբերջըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից