Աստված է ստեղծել աստղերը, բայց դրանք չեն բացահայտում ապագան
Բիլլի Գրեհեմը՝ միջազգային ճանաչված ավետարանիչը, ում հաճախ անվանում են «Ամերիկայի հովիվ» և «ԱՄՆ նախագահների կրոնական խորհրդատու», պատասխանելով ընթերցողների հարցերին, ասել է, որ Աստված աստղերը չի ստեղծել նրա համար, որ դրանք տնօրինեն մեր ապագան։
Հարցը տրվել էր մի ընթերցողի կողմից, ում ընկերուհին պնդում էր, որ եթե Աստված ստեղծել է աստղերը, ապա մենք պետք է փնտրենք նրանց առաջնորդությունը մեր կյանքի համար։
«Աստված ստեղծել է աստղերը, ինչպես նաև տիեզերքում եղած ցանկացած բան նրա համար, որ դրանք Իր զորության և փառքի վկաները լինեն, ոչ թե առաջնորդեն մեզ կամ ապագան կանխագուշակեն»,- ընդգծել է Բիլլի Գրեհեմը։
Նա նշել է, որ Աստվածաշունչը հստակ պատվիրում է մեզ չդիտարկել աստղերը՝ որպես ապագան գուշակողներ։ Հին ժամանակներում մարդիկ հաճախ էին ցանկանում տեղեկություններ ստանալ ապագայի մասին։ Դրա համար նրանք ոչ միայն դիմում էին աստղագուշակությանը, այլև՝ նշաններին, կախարդություններին, կռապաշտությանը, մեռելների հետ հաղորդակցմանը և այլն, բայց Աստված իր ժողովրդին պատվիրում է մասնակից չլինել նմանատիպ գործողությունների։
«Երբ քո ՏԵՐ Աստծո քեզ տված երկիրը մտնես, չսովորես այն ազգերի գարշելի գործերը շարունակել։ Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակով անցկացնող կամ դիվական դյութանքներ անող, գուշակող, հմայող, կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելահարցուկ, որովհետև այս ամենն անողը ՏԻՐՈՋ առջև գարշելի է, և այս գարշելի բաների պատճառով քո ՏԵՐ Աստվածը հալածում է նրանց քո առջևից։ Քո ՏԵՐ Աստծո հետ կատարյալ կլինես»։ 2 Օրինաց 18.9-13
Գրեհեմը բացատրեց, որ ապագան գուշակելու փորձերը ոչ միայն հուսալի չեն և ապակողմնորոշում են մարդուն, այլև դնում են նրան խորհրդավոր ուժերի վերահսկողության տակ, ինչը հակառակություն է Աստծո դեմ։ Որպես օրինակ՝ նա ցույց տվեց Աստվածաշնչի Թագավորների առաջին գրքի 28-րդ գլխում ներկայացված իրադարձությունը, որտեղ Սավուղ թագավորը, ցանկանալով իր ապագան իմանալ, դիմում է մահացած Սամուել մարգարեի ոգուն։
Բիլլի Գրեհեմը նշեց, որ ստեղծագործության միջոցով ապագան իմանալ փորձելու փոխարեն մեզ պետք է դիմել Արարչին, մեր հույսը Քրիստոսի վրա դնել և վստահել Նրան։ Աստված մեզ այնքա՜ն է սիրում, որ իր միածին Որդուն տվեց մեր փրկության համար։ Նույնիսկ երբ ապագան անորոշ է, Նրան պետք է վստահենք, որպեսզի Նա մեզ առաջնորդի։
Աղբյուրը՝bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը