17-ամյա դպրոցականի երազը
Գտնվելով քնի և արթնության միջև՝ ես հայտնվեցի մի սենյակում, որտեղ ոչ մի տեսանելի ուրվագծեր չկային, բացի մի պատից, որի վրա դասավորված էին փոքրիկ արկղեր՝ նախատեսված հաշվառման քարտերի համար։ Դրանք նման էին գրադարանների դարակների, որոնց վրա այբբենական կարգով դասավորված են ցուցակները՝ հեղինակի անունով կամ ըստ թեմայի։ Բայց այդ արխիվային արկղերն, որոնք զբաղեցնում էին ամբողջ պատը՝ հատակից մինչև առաստաղ, որքանով տեսանելի էին աչքին, բոլորովին այլ վերնագրեր ունեին։
Երբ մոտեցա պատին, առաջինն ուշադրությունս գրավեց սա. «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»։ Ես բացեցի այն և երբ սկսեցի նայել քարտերն, իսկույն վախեցած փակեցի այն։ Այդ պահին ես հասկացա, որ այդ բոլոր անուններն ինձ ծանոթ են և առանց որևէ բառի, հասկացա, թե որտեղ եմ գտնվում։ Այդ փոքրիկ արկղերով անշունչ սենյակն իմ ամբողջ կյանքի հավաստի փաստերի մատյանն էր։ Այնտեղ գրված էին իմ կյանքի յուրաքանչյուր գործողությունը, բոլոր կարևոր և անկարևոր պահերը։ Դրանք այնքան մանրամասն էին, որ ինքս դժվարանում էի հիշել։ Վախի հետ խառնված՝ հետաքրքրասիրությունը ստիպեց ինձ, որ բացեմ բոլոր արկղերը։ Դրանցից որոշներն ուրախություն և հաճելի հիշողություններ էին արթնացնում։ Որոշներն՝ այնքան ուժեղ ամոթի զգացողություն, որ, նույնիսկ, հետ էի նայում, որ ինձանից բացի ոչ ոք չլիներ այնտեղ։
«Ընկերներ» կոչվող արկղի կողքին գտնվում էր «Ընկերներ, որոնց դավաճանել եմ» անունով արկղը։ Եվ այդպես շատ սովորական և անսովոր անվանումներով արկղեր կային գրված։ Դրանք վերաբերում էին իմ կարդացած գրքերին, հումորներին, որոնց վրա ծիծաղում էի, ստերին, որոնք հորինել էի, իմ բոլոր մեղքերին, ասածս ցանկացած բառին։ Ես ապշած էի, քանի որ չէի հավատում, որ 17 տարեկանում այսքան շատ ժամանակ եմ ունեցել և այսքան շատ քարտեր կուտակել, բայց ամեն քարտը գրված էր իմ ձեռագրով և բոլորի վրա իմ ստորագրությունը կար։
Երբ վերցրի «Երգեր, որոնք ես լսել եմ» արկղը, տեսա, որ այն երկարացրած էր ամբողջը տեղավորելու համար։ Քարտերը շատ խիտ էին դասավորված և երկու-երեք մետր հետո, նույնիսկ, չէր երևում դրանց վերջը։ Ես հետ դրեցի այն՝ ամաչելով ո՛չ թե իմ լսած երաժշտության որակի համար, այլ՝ դրա վրա ծախսած այդքան շատ ժամանակի և արխիվում զբաղեցրած տեղի համար։ Այնուհետև ես գտա իմ մտքերի և ցանկությունների մասին արկղը։ Արագ հանեցի քարտերը և տեսնելով դրանց բովանդակությունը՝ քարացա։ Ես ընկճվեցի և զայրացա ու միակ միտքն, որ ունեցա այդ պահին՝ այն էր, որ ոչ ոք, ոչ մի դեպքում չպետք է տեսնի այս քարտերը։ Ես ցանկացա այրել դրանք, բայց ոչինչ չստացվեց, որովհետև դրանք պողպատից էլ ամուր էին։
Տեսնելով, որ անօգուտ է, ես արկղն իր տեղում դրեցի և անօգնական մնացի կանգնած, երբ հանկարծ նկատեցի մի արկղ, որի վրա գրված էր. «Մարդիկ, որոնց հետ կիսվել եմ Ավետարանը»։ Դրա բռնակը իր փայլով տարբերվում էր մնացածից։ Այն բոլորովին նոր տեսք ուներ։ Երբ քաշեցի, 7 սանտիմետրից ոչ ավելի երկարությամբ արկղն ընկավ ձեռքերիս մեջ։ Ես մեկ ձեռքիս մատներով կարող էի հաշվել դրա միջի քարտերը։ Եվ այդ պահին ես ընկա ծնկներիս վրա և սկսեցի արտասվել։ Ես մտածեցի. «Ոչ ոք երբեք չպետք է իմանա այս սենյակի մասին։ Ես պետք է կողպեմ այն և բանալին թաքցնեմ»։ Հետո արցունքների միջից տեսա, թե ինչպես սենյակ մտավ Նա. «Ո՜չ, խնդրում եմ, միայն ո՛չ Նա։ Ով ուզում է թող գա, միայն ո՛չ Հիսուսը»։
Ես անօգնական նայում էի, թե ինչպես էր Նա բացում արկղերը և կարդում քարտերի վրա գրվածները։ Նայելով նրա հայացքին՝ ես տեսնում էի խորը թախիծ, որից սիրտս կոտրվում էր։ Թվում էր, թե նա վերցնում էր ամենավատ արկղերը։ Ինչո՞ւ Էր Նա դրանք կարդում։ Վերջապես, Նա շրջվեց, ափսոսանքով նայեց իմ աչքերին։ Ես գլուխս կախեցի և սկսեցի նորից արտասվել։ Նա մոտեցավ ու գրկեց ինձ։ Այդ պահին Նա այնքան շատ բան կարող էր ասել, բայց սկսեց լաց լինել ինձ հետ միասին։ Հետո նորից մոտեցավ պատին և սկսեց բոլոր քարտերի վրա ստորագրել իմ ստորագրության վերևում։ Ես բղավում էի և միակ բառը, որ կարողանում էի ասել՝ «ոչ»-ն էր։ Ես փորձում էի վերցնել քարտերը Նրա ձեռքից։ Նրա անունը չպետք է գրվեր այդ քարտերի վրա։ Նրա ստորագրությունը վառ կարմիր գույնով էր։ Նրա անունը ծածկում էր իմ անունը։ Այն կենդանի էր, գրված էր արյունով։
Նա նրբորեն վերցրեց քարտը, ժպտաց և շարունակեց ստորագրել։ Ես չհասկացա, թե ինչպես այդքան արագ վերջացրեց, բայց ինձ թվաց, որ հենց հաջորդ պահին ես նկատեցի, թե ինչպես փակեց վերջին արկղը և մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս և ասաց. «Կատարվեց»։
Ես կանգնեցի, և Նա ինձ դուրս հանեց սենյակից։ Դռան վրա կողպեք չկար, բայց շատ քարտեր կային, որոնք դեռ պետք է գրվեն…
Երազի մասին այս գրությունը գտնվել է 17-ամյա դպրոցական տղայի մոտ, այն բանից հետո, երբ իր մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և մահացել։
Աղբյուրը՝ bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը